ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ներկա գտնվեց ազգային հավաքականի նախախաղային մարզմանը, հենց խաղադաշտում զրուցեց նրանց հետ:
Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրեց, թե ՀՖՖ նորընտիր նախագահն ինչ էր խոսում ֆուտբոլիստների հետ: «Ընդհանուր առմամբ քննարկեցինք մեր հետագա անելիքները, վաղվա հանդիպումը: Մաղթեցի լավ խաղ, լավ տրամադրություն, որ հավաքվեն ու լավ խաղան: Ջիբրալթարի հետ հանդիպումը եւ արդյունքը բոլորս տեսանք: Պարտվեցինք, բայց եթե դիտարկում ենք մասնագիտական տեսանկյունից, նայում վիճակագրությունը, դա վերջին շրջանում ամենալավ խաղերից մեկն էր: Մարզչին փորձել եմ ոգեշնչել, որպեսզի չընկճվի, իր բոլոր ուժերը ներդնի վաղվա խաղին, եւ հույս ունեմ, որ Մակեդոնիայի հետ խաղում դրական արդյունք կունենանք:
Պարտության պատճառները քննարկել ենք շատ խորը, ենթարկել մասնագիտական վերլուծության: Ինչպես ՀՖՖ նախագահ ընտրվելու օրը հայտարարել եմ, պատրաստվում ենք առաջիկայում ներկայացնել Հայաստանում ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ ծրագիր, որը հիմա գրվում է: Այդ ծրագրով զարգացնելու ենք մանկապատանեկան ֆուտբոլը, որպեսզի ունենանք մեծ քանակով պատանի ֆուտբոլիստներ, որոնցով կհամալրվեն մեր պատանեկան ու երիտասարդական հավաքականները, իսկ ազգայինի գլխավոր մարզիչը նրանց միջից կընտրի լավագույններին: Ծրագրի առաջին պտուղները, կարծում եմ, կքաղենք 4-5 տարի հետո», – ասաց Արթուր Վանեցյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ