Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Քոչարյանը կազմակերպի այդ ընդդիմությունը, ո՞վ ունի իրա հնարավորությունները». Հովիկ Աղազարյանը վստահեցնում է, որ Փաշինյանը Քոչարյանին չի ատում

Հոկտեմբեր 15,2018 18:30

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բլումբերգ մեդիաընկերությանը  տված հարցազրույցում ասել է, որ «Նիկոլ Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ, և այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների»:

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս առնչությամբ ասաց. «Ատելություն իր հանդեպ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից չկա, ես շատ կզարմանամ, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես որեւէ մեկի հանդեպ ատելություն ունենա»:

Խոսելով ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին՝ հարցազրույցում Քոչարյանն ասել էր, որ ցանկանում է օգնել քաղաքական դաշտում հավասարակշռության ձեւավորմանը, իսկ թե ինչպես՝ նա ասում է, որ հնարավոր է լինի ակտիվ փոխգործակցություն այլ քաղաքական ուժերի հետ՝ օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին. «Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում»:

Ըստ Հովիկ Աղազարյանի, Քոչարյանը քաղաքականությունից երբեք չի հեռացել, միշտ եղել է քաղաքականության մեջ, միգուցե ստվերային վիճակում, բայց միշտ եղել է: Ուղղակի հիմա եկել է պահը, որ ինքը պետք է այսպես կոչված ակտիվ քաղաքականություն վերադառնա: Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, մեր հարցին՝ քաղաքական դաշտում տեսնո՞ւմ եք այդպիսի ուժերի, որոնք կհամագործակցեն Քոչարյանի հետ՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ գտնում ասել, որ կան՝ դա հաստատ»:

Քոչարյանի խոսքով՝ «դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար»: Հովիկ Աղազարյանը հակադարձեց նրան՝ ասելով. «Ըստ էության, ԱԺ արտահերթ ընտրությունները հեղափոխության առաջին փուլի ավարտն է, որն իրականացրել է ողջ ժողովուրդը ու Փաշինյանը հանդիսանում է ժողովրդի ներկայացուցիչը: Բնականաբար, հաղթանակը պետ է նաեւ իրեն վերագրել, բայց ես չեմ կարծում, որ դա կլինի պետականության պարտությունը, ճիշտ հակառակը, ամեն ինչ կգնա այնպիսի ուղով, որ մեր պետականությունն ավելի կամրապնդվի ու կհզորանա»:

Քոչարյանը հարցազրույցում ասել է, որ թավշյա հեղափոխության ողջ իմաստը քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր ու չի կարծում, թե «իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել»:

Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ «Քոչարյանը երեւի երկար ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում, երեւի մոռացել է, որ ըստ նոր Սահմանադրության, ԱԺ-ի 1/3-ը պետք է լինի ընդդիմություն, հետեւաբար այսպես կոչված մենաշորհը օրենքի ուժով է բացառվում»:

Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ «ամենայն հավանականությամբ, կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության»՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Բայց ինչի՞, ինքը միլիարդավոր դոլարներով գումարներ ունի, թող համախմբի ընդդիմությանը, ծախսի այդ գումարները քարոզարշավի վրա, ընտրվի եւ դառնա ընդդիմություն, ի՞նչ կա այդտեղ, խի՞ չպիտի ընդդիմություն լինի որ: Թող ինքը կազմակերպի այդ ընդդիմությունը, ո՞վ ունի իրա հնարավորությունները»:

Մեր հարցին՝ այսինքն, դիտարկո՞ւմ եք այդ հնարավորությունը, որ նա կարող է համախմբել ընդդիմությանը եւ մտնել ԱԺ՝ «Ելքի» պատգամավորը պատասխանեց. «Այո, դիտարկում եմ»: Հարցին՝դա անհամատեղելի չէ՞ Մարտի 1-ի մեղադրանքի հետ՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Դրանք տարբեր հարցեր են: Եթե այդ ընթացքում պարզվում է, որ պատգամավորներից, պատգամավորության թեկնածուներից ինչ-որ մեկը մասնակցել է այս կամ այն հանցագործությանը, պիտի պատասխան տանօրենքի առաջ, քանի դեռ չի եղել դատարանի որոշումը, մենք չենք կարող այդպիսի գնահատական տալ, թե չէ ես անձամբ գտնում եմ, որ ինքը պատասխանատու է Մարտի 1-ի համար, բայց դատարանի որոշում ի վերջո պետք է լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031