«Վարչապետը հայտարարել էր, որ հրաժարական է տալու մինչեւ հոկտեմբերի 16-ը, այսինքն՝ դա չի նշանակում, թե հոկտեմբերի 16-ը ներառյալ: Իսկ խոսնակն ասում է՝ այսօր, այսինքն՝ հոկտեմբերի 15-ին, նա հրաժարական չի տալու»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հրաժարականի մասին հայտարարությանը, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա հեգնեց. «Գուցե հոկտեմբերի 15-ի եւ 16-ի արանքում մեկ հավելյալ օր կա, որի մասին չգիտենք…Իսկ եթե լուրջ, ապա վարչապետն ավելի լուրջ պետք է մոտենար այս հարցին: Կամ նա պետք է անի այն, ինչ հայտարարել է, կամ չպետք է հայտարարի այս մասին»: Հիշեցնենք, որ ըստ գործող Սահմանադրության՝ վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, որպեսզի լուծարվի, եւ կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Արմեն Բադալյանի բնորոշմամբ՝ խնդիրն օրվա մեջ չէ, այլ այն փաստի, որ վարչապետը պետք է հետամուտ լիներ իր հայտարարությանը, կամ ասեր, թե մոտավոր որ օրերին է սպասվում իր հրաժարականը. «Խնդիրն այն է, որ վերոնշյալը դառնում է աշխատաոճ: Կարող է՝ հոկտեմբերի 20-ին է հրաժարականը լինում, դա չէ հարցը. նա պետք է բացատրություն տա՝ ինչո՞ւ չի կատարում ասածը: Գուցե վարչապետը կամ նրա թիմակից-իրավաբանները ինչ-ինչ հարցերում լավ չէին հաշվարկել որոշ օրեր, թե երբ է ավելի նպատակահարմար հրաժարական տալ, ու հիմա ճշտումներ են կատարում»:
Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուշացման մեկ այլ պատճառ էլ կարող է լինել. «Գուցե խութեր են հայտնվել, որոնց մասին չգիտենք: Գուցե վարչապետի թիմակիցները հակահեղափոխության նոր ծրագիր են բացահայտել, որի մասին նախկինում չգիտեին: Վարչապետը գտնում է, որ նպատակահարմար չէ ներկայացնել հրաժարականի ուշացման պատճառները, չնայած՝ տրամաբանական կլիներ: Սա նորություն չէ. ՀՀԿ-ականներն էլ շատ բան անում էին՝ առանց բացատրություն տալու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ