Լրահոս
Օրվա լրահոսը

Պղնձաձուլարանի աշխատակից. գործարանը որ փակվի Ալավերդիում կյանքը կկանգնի

Հոկտեմբեր 15,2018 18:20

Ժամեր առաջ կառավարությունում ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկել են Ալավերդու պղնձաձուլարանի առջեւ ծառացած խնդիրները:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Նա նաեւ նշել է, որ 380 մլն դրամի տուգանքը, որը սահմանվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից՝ արտանետումների ծավալը գերազանցելու համար, չեղարկելու մասին խոսք չի եղել: Պարոն Սիսեռյանը նշել է, որ հարցը պետք է քննարկեն՝ հասկանալու համար ինչ լուծումներ կարող են առաջարկել:

Մինչ կառավարությունն ու գործարանի սեփականատերը լուծումներ են փնտրում, Ալավերդու եւ հարակից բնակավայրերի բնակիչները աշխատանքը կորցնելու մտահոգությունից փողոցներ են փակում, բողոքի ցույցեր անում: Պղնձաձուլարանում աշխատող մոտ 700 աշխատակիցները խիստ մտահոգված են, թե ինչպես են լուծելու ընտանիքներին պահելու խնդիրը՝ հատկապես, որ Ալավերդիում, հարակից շրջաններում աշխատատեղեր գրեթե չկան, եւ մարդկանց եկամտի միակ աղբյուրը երկար տարիներ, պղնձաձուլարանն է եղել:

Գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը վստահեցնում է, որ պղնձաձուլարանի փակվելով կյանքը Ալավերդիում կկանգնի:

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Կիրակոսյանն ասաց. «Գործարանի աշխատակիցների գրեթե 98 տոկոսը մեծ վարկերի տակ են: Գործարանում աշխատող տենց ընտանիք չկա, որ վարկ չունենա: Ամենաքիչը երկու միլիոն վարկ ունեն: Սա մի խնդիր: Հաջորդը՝ Ալավերդիում պղնձաձուլարանը միակ աշխատատեղն է, որի շնորհիվ քաղաքը շնչում ու գոյատեւում է: Խանութները, տաքսիները, քաղաքի ընդհանուր կյանքը կառուցված է գործարանի շուրջ: Սա քաղաքի ողնաշարն է»:

«Համայնքային համախմբման եւ աջակցման կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանը, որը նաեւ «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ է, վստահեցնում է, որ փոխվարչապետի հետ հանդիպման բուն նպատակն այն է, որպեսզի կառավարությունը միջամտի եւ կարողանա այնպես անել, որ գործարանը չանցնի ՎՏԲ բանկին՝ չվճարված գումարների տոկոսների դիմաց. «Ամենասկզբում հենց գործարանից այնպես էին արշավն անում, որ տեսեք-տեսեք մեզ տուգանել են, տեսեք՝ մենք չենք կարողանում այդ նորմերը պահպանենք ու դրա համար, ստիպված փակելու ենք, բայց հետո ԶԼՄ-ների միջամտությամբ, ի հայտ եկան ավելի վտանգավոր երեւույթները՝ այն է, որ բանկում գրավադրված է գործարանը եւ կանգնած է նոր սեփականատեր ունենալու առաջ»:

Պարոն Դուլգարյանի խոսքով, գործարանի տնօրինությունը շեշտը արտանետումների վրա է դրել, որպեսզի մարդկանց ջղայնությունը բորբոքի եւ հարցը բուն խնդրից շեղեն:

«Ես, հոկտեմբերի 1-ին 300-400 աշխատակիցների առաջ տնօրինությանը հարց տվեցի՝ արդյոք կա՞ վտանգ, որ գրավի դիմաց գործարանն անցնի ՎՏԲ բանկին, ինձ գործարանի, այդ թվում եւ ֆինանսական պատասխանատուները, պատասխանեցին, որ նման վտանգ չկա: Բայց արդեն հոկտեմբերի 8-ին պարզվեց, որ վտանգ կա եւ հիմնական վտանգը հենց դա է: Այսինքն՝ ինչպես տեղի ունեցավ Թեղուտում: Այն փակում էին՝ ասելով, որ բնապահպանական խնդիրներից ելնելով են փակում, բայց չանցավ 2-3 ամիս, հանքն անցավ ՎՏԲ բանկին: Մտավախությունը աշխատակիցների, հանրության այն է, որ ինչպես Թեղուտն անցավ, այնպես էլ գործարանն է անցնում ՎՏԲ բանկին»:

Գործարանի արտանետումների տարեկան սահմանային թույլատրելի նորման 5-6 հազար տոննա է: Սակայն այսօր գործարանի տնօրինությունը կառավարությունից պահանջում է պղնձաձուլական գործարանին թույլատրել աշխատել սահմանային թույլատրելի նորմաներից տարեկան 38 հազար տոննա արտանետումներով:

Պարոն Դուլգարյանի խոսքով, եթե կառավարությունը, օրինակ՝ թույլատրի էլ աշխատել այդ ծավալի արտանետումներով, միեւնույն է գործարանը չի կարող աշխատել՝ մինչեւ որ բանկի հետ խնդիրը չկարգավորվի. «Այնպիսի պայման են դրել, որը որ կառավարությանը խնդրի առաջ է կանգնացրել, այսինք՝ անպայման ուզում են, որ այդ թույլտվությունը չլինի, որովհետեւ այդ քանակի մեծ արտանետումները նաեւ կհակասեն միջազգային բոլոր նորմերին»:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում գրավադրված է՝ Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն. դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից էլ հաստատել են լուրը, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը այլեւս «ՎՏԲ- Հայաստան բանկ»-ի սեփականությունն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Գործարանում անհասկանալի աշխատաոճ է տիրում։ Նույնիսկ Թեղուտից հետո ճիշտ հետևություններ չարին, այն է՝ կատդրային և տնտեսավարման փոփոխություններ։ Շահութաբերության բարձրացման և գազոտվածոտվածության հնարավոր ձևեր իհարկե կան, դա ես ասում եմ որպես բազմափորձ ինժեներ մետալուրգ։ Այնտեղ 2011թ․ ինձնից, որպես բազմաթիվ նորարական աշխատանքների հեղինակ, ամբողջ աշխատանքային կենսագրության ընթացքում տույժ-նկատողություն չունեցած, մինչև հիմա ԱՊՀ տարածքում վառարանի շահագործման իմաստով ռեկորդակիր հեղինակ՝ 2տ 10ամիս․ տեխնոլոգիական հարցերն անսխալ լուծած և մաքուր ձեռքերով աշխատած աշխատակից, ազատվեցին․․․․հաստիքի կրճատումով։ Ես հիմա ՌԴ-ում եմ, կարող եմ ծառացած խնդիրները լուծել բարձր մակարդակով։ Ինձ ճիշտ հասկացեք – ես խնդրողի դերում չեմ, բայց իրենց կողմից առաջադրված՝ իմ տեսած աշխատաոճն ընդունելի չէ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031