Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս. պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «ԱՐԻ» ընկերության բաժնետերերին

Հոկտեմբեր 15,2018 17:19

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի:

Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը բարձր է գնահատել «ԱՐԻ» ընկերության դերը Արցախի վերաբնակեցման քաղաքականությանն աջակցության հարցում՝ ընդգծելով գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրերի ընդլայնման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների շրջանակում նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, և շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի 50 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Առաջարկվող ծրագրերի վերաբերյալ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը սլայդների միջոցով ներկաների ուշադրությանն է ներկայացրել գերատեսչության կողմից կատարված աշխատանքները՝ նշելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում դրանք վերջնական տեսքի կբերվեն:

«ԱՐԻ» ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը, գոհունակություն հայտնելով Արցախի կառավարության հետ ձևավորված համագործակցությունից, նշել է, որ տարեցտարի ծրագրին մասնակցողների թիվն աճում է: Անդրադառնալով Քարվաճառում իրականացվելիք բնակարանաշինությանը՝ Վ. Գասարջյանը նշել է, որ քանի որ այն կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, առաջարկ կա թաղամասը «Սիդնեյ» անվանելու:

Գաղափարը ողջունվել է պետնախարարի կողմից, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին սկսել շինարարական աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրամադրվող գումարների տոկոսադրույքների վերանայման, նոր ներդրողների ներգրավման նպատակով պետության կողմից պարատոմսերի թողարկման, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Լավ է, որ Կենգուրու չեն անվանելու այդ թաղամասը։ Ավստրալահայերը տալիս են փողը և պատվիրում անվանումը։ Ավելորդ է պարզաբանել նույնիսկ, որ Ղարաբաղի պարագայում այն զավեշտալի է հնչելու։ Ասենք, որպես փոստային հասցե՝ ԱՀ, Քաշաթաղի շրջան, Սիդնեյ թաղամաս, Բախշյան Բենիկ Ջահանգիրի։ Нет, не звучит.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031