Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանի տպավորությամբ՝ այժմ գնում ենք դեպի անհայտություն: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա դժգոհեց՝ տասնհինգ տարի մարդիկ պայքարում էին, հիմա ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվեց ու կանգնեց այդ ամենի մեջտեղում, ժողովուրդն էլ նրան դարձրեց կուռք:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ այս ամենից «Սոռոսի» հոտ է գալիս՝ ընդհուպ մինչև փողոցային բռնությունների կոչերը, որ հնչեցին: Քաղաքագետը խիստ մտահոգված է, որ մարդկանց են հայհոյում, բայց վստահ է՝ այդ անձինք պատասխանատվության են ենթարկվելու. «Նաիրան տոտալ հայհոյանքի տակ էր, այդ աղջկա ձայները գողացան, ո՞վ է ասում՝ լռություն պետք է լիներ»: Հիշելով Սերժ Սարգսյանի կառավարման տարիները՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Սերժ Սարգսյանը, որն ամենավատ կառավարիչն է եղել բոլոր ժամանակներում, նրա ժամանակ համացանցում հայհոյանքն ուրույն տեղ չուներ»:
Քաղաքագետի կարծիքով, եթե այսպես շարունակվի ամեն ինչ, մենք լրջագույնս կմտնենք պատերազմի դաշտ. «Իսկ որքա՞ն ենք մենք պատրաստ այդ ամենին, եթե մի մարդ, որը պատասխանատու էր ապրիլի 2-ի՝ մեր այդ քաջորդիների կորստյան համար, երբ վառելիք չունեինք, մարտկոցներ չունեինք, այդ մարդուն Սերժ Սարգսյանը նշանակեց շտաբի պետ, իսկ Նիկոլը նրան չազատեց գործից. ընդամենը հանեց, դրեց գլխավոր տեսուչ: Խոսքը Մովսես Հակոբյանի մասին է»:
Դառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման բացահայտմանը՝ Գուրգեն Եղիազարյանը դա բարդ բան չհամարեց. «Թող ման գան, գտնեն, քանի որ դա նաև իրենց պատվի գործն է: Նիկոլին թվացել էր՝ իրեն կարող է վերաբերվել, դրա համար բուռն ռեակցիա տվեց՝ ասֆալտին քարշ տալով, բայց ով այդպես խոսում է, վերջն այդ օրն է ընկնում: Երկու կետ գիտեմ գաղտնալսման, և դա գտնվում է քաղաքի կենտրոնում»:
Դառնալով ՀՀԿ-ականների պահվածքին՝ Գուրգեն Եղիազարյանը քննադատեց. «Անընդունելի է, երբ Սերժ Սարգսյանի հոգևոր որդին անմիջապես վազելով անցավ մյուս ճամբարը, այն դեպքում, երբ կես տարի առաջ վստահեցնում էր՝ Սերժ Սարգսյանից ավելի գրագետ, լուրջ մարդ աշխարհում չկա: Մյուս փախստականին էլ գիտեմ, որը ասում էր, թե ցանկացած հեղափոխություն օրորոցի մեջ կխեղդեմ: Խոսքը նախկին փոխոստիկանապետի մասին է: Գոնե Շարմազանովը հաստատ կանգնած է այն դիրքերի վրա, որտեղ եղել է: Շարմազանովն այդ առումով կարգին տղա է»:
Քաղաքագետ Մենուա Հարությունյանը, անդրադառնալով այն կարծիքներին, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, ասաց. «Այդ նույն ժողովուրդը կանգնեց, ասաց՝ ատոմակայանը փակեք, ու այս սերունդը մոմի լույսի տակ այբբենարան սովորեց: Հետո ասաց Նաիրիտը փակեք, ու ժողովուրդը մնաց անգործ: Ժողովուրդը կարող է սխալվել, բայց ժողովրդին պետք է քաղաքական էլիտա, մտավորականներ, որ նրանք կառավարեն երկիրը»:
Մենուա Հարությունյանի կարծիքով, եթե այս խորհրդարանը լուծարվեց, չի բացառվում, որ մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանից էլ կհիասթափվեն. «Եթե այս խորհրդարանը լուծարվեց Նիկոլի հավաքած ժողովրդի զոռբայության ազդեցության արդյունքում, ընդամենը մեկ տարի հետո, որ ինքը կլինի ընտրված վարչապետ, կհասցնեն իրենից հիասթափվել, և ընդամենը սահմանադրական մեկ նորմ կունենանք, որ կարող ենք հարյուր հիսուն հազար ստորագրություն հավաքել, մտնել խորհրդարան ու ասել լուծարել խորհրդարանը: Ու ինքը ստիպված է լինելու գնալ հանրաքվեի, որ իր լեգիտիմությունը հաստատի: Մի խումբ մարդիկ իշխանությունների դեմ այնքան էին պայքարել, որ հիմքերը թուլացրել էին, ու հիմա հարմար պահին հարմար տեղում հայտնվելով՝ վերցրեց իշխանությունը ու հիմա անշնորհակալ ձևով է պահում նույնիսկ այս մարդկանց նկատմամբ»: Այս համատեքստում Մենուա Հարությունյանն ամփոփեց. «Մենք պիտի թույլ չտանք, որ քաղաքական տղերքը շուստրիությամբ տիրանան իշխանությանը, քանի որ կարող է՝ վաղն էլ ես դա անեմ, ու պարզվի, որ ես Նիկոլից ավելի անհայրենիք եմ ու պետական մտածողություն չունեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ