Ինչպես տեղեկացրել ենք, այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հետ, եւ տեղեկություն կար, որ Մեջլումյանը հանդիպման ընթացքում նպատակ ունի հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի:
Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասաց, որ հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետը, նրա խորհրդականը, ինքը եւ պարոն Մեջլումյանը, տուգանք ներելու օրակարգ չի եղել. «Այդպիսի օրակարգի մասին խոսելը ճիշտ չի: Մենք հանդիպել ենք հիմնականում Ալավերդու պղնձաձուլարանը փակ պահելու- բաց պահելու իրենց կայացրած որոշման հետ կապված խնդիրները քննարկելու: Պարոն Մեջլումյանը ներկայացրեց իր կարծիքը եւ պղնձաձուլարանը փակելու հետ կապած խնդիրները: Մենք լսեցինք խնդիրները, եւ ասել ենք, որ քննարկելու ենք՝ հասկանաք ինչ լուծումներ կարող ենք գտնել միասին: Այսինքն, հստակ որեւէ խոստում չկա ո՛չ մեր կողմից, ո՛չ պարոն Մեջլումյանի կողմից»:
Մեր դիտարկմանը, որ Մեջլումյանը Սերժ Սարգսյանի մտերիմ շրջանակներից է, դրա հետ կապված գուցե շահարկում լինի՝ պարոն Սիսեռյանն արձագանքեց. «Մենք այդ կողմից չենք նայում՝ ով ում բարեկամն ու ընկերն է, նույնիսկ եթե Սերժ Սարգսյանի հետ բարեկամ է կամ ընկեր է, մենք նայում ենք այն տեսանկյունից, թե նա, որպես գործարար, օրինակա՞ն դաշտում է եւ օրենքո՞վ է աշխատում, մենք ուրիշ բան չունենք, որովհետեւ եթե պիտի նայենք, թե ով ում բարեկամն է, ում ընկերն է, պիտի ուրիշ ձեւով վարվենք: Քաղաքական որեւէ ենթատեքստ չկա սրա մեջ ու չի կարող լինել: Մենք նախ պաշտպանում ենք ներդրողի շահերը՝ անշուշտ, մյուս կողմից, նաեւ նկատի առնելով ժողովրդի պահանջը, նաեւ պղնձաձուլարանի աշխատողների, ու հստակ հասկանանք՝ ինչ կարող ենք անել կամ պարոն Մեջլումյանը ինչ կանի: Այսինքն, բանակցությունների մեջ ենք: Որեւէ խոստում այս պահի դրությամբ չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ