Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից Միքայել Նահապետյանը հաստատեց, որ Ավինյանն այսօր հանդիպում է ունենալու «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հետ:
ArmLur.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ Մեջլումյանը հանդիպման ընթացքում նպատակ ունի հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի: «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում դադարեցնելու է իր գործունեությունը՝ չմարված վարկային պարտավորությունների պատճառով:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Ավինյանի գրասենյակից պատասխանեցին. «Տուգանքի ներման հետ կապված նման հարց մինչեւ այս պահը մեզ մոտ հստակեցված չկա, եթե նման բան լինի, մենք հայտարարությամբ հանդես կգանք: Իսկ հանդիպում լինելու է»: Ավելի ուշ մենք խոսեցինք Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի հետ, նա ասաց, որ քիչ առաջ է հանդիպումն ավարտվել ու բացեց փակագծերը, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ, մանրամասները՝ շուտով:
Հիշեցնենք, որ Մեջլումյանը համարվում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ շրջանակի մարդ, Սերժ Սարգսյանն անգամ Մեջլումյանին պարգեւատրել է տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների եւ ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ