Հոկտեմբերի 13-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Յասմին Ռեզայի «Սպանդի աստվածը» պիեսի բեմադրության առաջնախաղը։ Բեմադրիչը՝ Սաթե Խաչատրյանն է, դերերում հանդես են եկել Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Իշխան Ղարիբյանը, Տաթև Հովակիմյանը։ Ներկայացումն արդեն իսկ ընդգրկվել է թատրոնի խաղացանկի մեջ։ Այս առիթով զրուցել ենք արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի հետ։
-Պարոն Խզմալյան, ի՞նչ տպավորություն ունեք ընտրված պիեսից։
– Նախ, կարևորում եմ ռեժիսորի դրամատուրգիական ճաշակը, և այստեղ գուցե նշանակություն ունի արդի Ֆրանսիական թատերական մշակույթի նրա իմացությունը։ Յասմին Ռեզան սպասված հեղինակ է, և, իմ կարծիքով, դասական դրամատուրգիայի, մասնավորապես Ա.Չեխովի բարեբեր դրամատուրգիական ակունքներից սնվող հեղինակ։ Արտաքին թեթևությունը, զավեշտալի իրադրությունները, խոսքային սրամտություններն իրականում թաքցնում են մի ողբերգական վիճակ, ստորգետնյա քայքայիչ մի հոսանք։ Ինչպես խոշոր դրամատուրգների երկերում, այստեղ ևս գործում է երջանկության անհնարինության գաղափարը։
– Իսկ ինչո՞վ նշանավորվեց ձեզ համար ներկայացումը։
– Մշտապես ասել եմ, որ եթե ներկայացման մեջ տեսնում ենք գեթ մի խոսուն հայացք, իմաստավորված լռություն կամ դերասանների անխոս փոխհարաբերություն, ուրեմն իմաստ ուներ ներկայացումը դիտելը։ Թվարկածս հատկանիշները կազմում են մեր թատրոնների մասնագիտական դեֆիցիտը։ Հուրախություն մեզ, պիտի ասեմ, որ այս ներկայացումը նման հարաբերությունների շղթա է, որը, անշուշտ ռեժիսորի և դերասանների մանրակրկիտ աշխատանքի արդյունքն է ու բեմադրության նվաճումը։ Թատերական քննադատի համար սրանք թանկ, փնտրված ու սպասված բաներ են։ Ես ունեմ այն համոզումը, որ թատրոնում հաղորդակցության միջոցը ոչ այնքան խոսքն է, որքան խոսքից դուրս, զուտ տեսանելի դրսևորումներն են։ Մի հայացքը, դադարը, կեցվածքն ու ժեստը կարող են ամբողջական էջեր ամփոփել։ Հիշու՞մ եք, թե Վահրամ Փափազյանն իր գրքերում որքան տեղ էր հատկացնում լուռ տեսարանների նկարագրությանը։ Այս իմաստով, Սաթե Խաչատրյանի «Սպանդի աստվածը» ներկայացումը մասնագիտական գրագիտության և մշակույթի դրսևորում է, որի սակավության հետևանքով էլ ցամաքում է արդի հայ թատրոնը։ Մանկավարժական տեսակետից, կարծում եմ, ճիշտ կլինի ապահովել վարպետության դասեր կամ կարճ դասընթացներ թատերական ինստիտուտի ուսանողների համար նրա մասնակցությամբ՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ ռեժիսորը բնակվում է Ֆրանսիայում։
– Իսկ դերասաններից ո՞վ է ամենից տպավորիչը…
– Առհասարակ բավարար մակարդակի վրա է համախմբային խաղը՝ անսամբլը։ Տպավորություն է ստեղծվում, որ դերասանների խաղում գործում է սպորտային սկզբունք. նրանք խաղում են, այսպես ասած, փոխանցումներով։ Սրանով է պայմանավորված ներկայացման որոշակի պոլիֆոնիզմը։ Այսքան գույն, տրամադրության փոփոխություն, լուռ տեսարանների հագեցվածություն ես չեմ տեսել, օրինակ, Սերգեյ Թովմասյանի դերերում։ Չափավոր են Իշխան Ղարիբյանի և Տաթև Հովակիմյանի դրսևորումները, որ նույնպես ներկայացմանը հաղորդում են կուլտուրայի որոշակի աստիճան։ Ինչ վերաբերում է Նարինե Գրիգորյանին, նա մնում է անբացատրելի ինձ համար։ Արտիստուհի, որ կրում է իր մեջ մի ամբողջ պատկերասրահ։ Անկրկնելի դերասանուհի է։ Ավարտուն և ամբողջական պլաստիկական պատկեր, օրգանականություն, հոգեբանական ու ռիթմական անցումների բացառիկ ճկունություն, անկանխատեսելիություն և անիմաստ՝ ոչինչ։ Մի օր ես կանդրադառնամ Նարինե Գրիգորյան երևույթին առավել ամբողջական։
– Թատերագետի պարտականությունն է նաև թերությունների մատնանշումը…
– Մինչև վերջ չգործադրված, սակայն չափազանց կարևոր մի շերտ կա ներկայացման մեջ։ Ինչպես նշեցի, սա զուտ կատակերգություն չէ։ Ներկայացման ընթացքում պարզ է դառնում, որ բոլորի կյանքը այս կամ այն չափով ստացված չէ. խզված են ամուսինների, զավակների ու ծնողների ներքին հոգեկան կապերը, իրականացված չեն երազանքները, և թվում է՝ յուրաքանչյուրն ապրում է իրեն չպատկանող կյանքով։ Ահա այս գաղափարն է պետք փոքր-ինչ շեշտադրել և դրանով իսկ ուժեղացնել ներկայացման ներքին լարումը։ Եվ սրան կարելի է հասնել այն տեսարանում, որտեղ մի պահ բոլորը լռում են ու անշարժ նստում։ Անգամ վայրկյաններ երկարացնելով այս դադարը՝ հանդիսականին հնարավորություն կտրվի հասկանալու իրադրության դրամատիզմը, իսկ ներկայացումը կհավասարակշռի սրանով իր կատակերգական և դրամատիկական տարրերը։ Եվ այսուհանդերձ, կրկնում եմ, ներկայացումը համարում եմ մասնագիտական ձեռքբերում և դերասանական մշակույթի դրսևորում։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Էս Խզմալյանն էլի պահի շահի թելադրանքով հիշել է՞, որ ինքը թատերագետի կրթություն ունի: Տեսնես, որ Բաբայանի կամ իր մերձավոր շրջապատին չվերաբերեր տվյալ ներկայացումը, էսպես կգեղգեղա՞ր: Իր չինովնիկական ծանր տեղը կթեթևացնե՞ր: Հարցազրույցը վարողը, եթե բերանից չկորզեր թերացման մասին կարծիքը, դժվար էլ թե ծպտուն հաներ այդ մասին: Հատկապես, որ ներկայացումը տինիկային թատրոնի բեմում էր, ու ինքն էլ այդ հաստատության գրական մասի վարիչն էր ու երևի թե մինչև հիմա էլ է: Այսինքն, անձնական օգտագործման թատերագետի սինդրոմը մեր թատերական դաշտը դեռևս չի թոթափել: Ինչ ասեմ. Լափլիզեցեք զմիմեանս…