Դարձյալ բոլորի ուշադրությունը գամված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու մյուս խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելուն…
Սա անշուշտ կարևոր իրադրություն է, բայց այս իրադարձությունը նորից ստվերում է մի երևույթ, որ հետագայում տեղերում բողոքի ու տրտունջի տեղիք է տալու, հանգեցնելով՝ «ախպեր, ոնց որ բան չի փոխվել» տրտնջոցին։
Այո, խոսքս էլի տեղերում վարվող քաղաքականության մասին է։ Ոչ ոք չի ուզում խոստովանել, որ սա այն փորձա-որձաքարն է, որը տեղից չշարժելով հեղափոխության սայլի/մեքենայի/գնացքի անիվը կարող է տեղապտույտ տալ և անգամ, աստված չանի, կոտրվել։ Այդ ժամանակ հեղափոխական սյալը/մեքենան/գնացքը կարող է ետ գլորվել, քանի որ տեղերում նշանակված/ընտրված կադրերը մարդկանց անմիջական խնդիրներին են առնչվում։
Վատն այն է, որ հեղափոխությունը պիտի մտածողության փոփոխության արդյունք լիներ, բայց առայժմ նոր մտածողությունը, ցավոք, նախկինի նման «վերևից» է թելադրվում, այս անգամ արդեն հեղափոխական թիմի կողմից, որը սակայն կադրային սովի պայմաններում, կարող է անընդհատ «ոչ անդառնալի սխալներ» անել՝ հանգեցնելով դժգոհության աճի, ինչն անկեղծ ասած նկատելի է տեղերում։ Եվ եթե չլինեին համապետական մասշտաբի խնդիրներն ու մարտահրավերները, որոնք շեղում են մարդկանց ուշադրությունը տեղական խնդիրներից, ապա մենք վաղուց ականատես կլինեինք բողոքի ալիքների։ Ասածիս լավագույն օրինակը Վանաձորում, Գյումրիում և ՀՀ մյուս համայնքներում դեռևս ՀՀԿ-ական իշխանության ժամանակներից ի վեր ընդդիմադիրի համբավ ունեցող լրատվամիջոցների գրեթե անփոփոխ տոնայնությունն է. «հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ, բան չի փոխվել»… Իսկ «ցածերում» (հատկապես՝ Երևանից դուրս) դեռ չեն հասկացել, որ պիտի սովորեն այլ կերպ մտածել… Մեծ մասն ուզում է որ երկրում օրինականություն հաստատվի, բայց իրենց արդեն սովոր արժեհամակարգը չփոխվի, ամեն ինչ տեղավորվի «լավ տղու» մտածողության սահմաններում։
Այս խնդիրները առավել ցայտուն երևում են տեղական ընտրությունների քարոզարշավն ու նախընտրական մթնոլորտն ուսումնասիրելիս։
Դիցուք Արմավիրում, դրսից նայողին կթվա, թե երկիրն արդեն ժողովրդավարական դրախտ է դարձել, ամեն ինչ շատ քաղաքակիրթ է. բոլոր չորս թեկնածուների՝ մեկը մյուսին ջրի կաթիլի պես նմանվող համայնքի զարգացման ծրագրեր ու լոզունգներ, մեծադիր նկարներով գովազդային վահանակներ, երթեր, ավտոերթեր, բակային հանդիպումներ… Սակայն… Դաժան իրականությունն այն է, որ Արմավիրցին դեռ չի էլ գիտակցում, որ Երևանի նման Արմավիրն էլ պիտի ընտրություն անի «սևի» ու «սպիտակի» միջև, թեև հանուն արդարության պիտի ասել, որ մարզերում «մոխրագույնն» էլ է առկա. «Արմավիրի մարզի համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում դարձյալ առաջադրվել են գործող համայնքների ղեկավարները, նրանք բոլորն էլ ՀՀԿ անդամներ են եղել, սակայն նոր իրողության պայմաններում հրաժարվել են ՀՀԿ անդամակցությունից և ընտրություններում ինքնաառաջադրմամբ գրանցվել են անկուսակցականներ: Միայն Ծաղկունք համայնքի գործող ղեկավար Դավիթ Կարապետյանն է մնացել ՀՀԿ անդամ: ՀՀԿ-անդամատոմսից հրաժարվել և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն է անդամակցել 2007 թվականից Ջրաշեն համայնքը ղեկավար Խաչատուր Դավթյանը»։ Այս բանաձևն առաջինը բարձրաձայնողների «բոստանը շատ քարեր թռան», սակայն պետք է քաջություն ունենալ այդ պարզ իրողությունը խոստովանելու համար։ Եվ որպեսզի մերկապարանոց բաներ չասեմ, այդ իրականությունը «բաններա-լոզունգային» շղարշից ազատելու մի պարզ տարբերակ եմ առաջարկում. եկեք չոր փաստերի ու թվերի լեզվով նայենք թեկնածուներին ու նրանց անցած ուղուն։
Օհան Հարությունյան – երկու անգամ եղել է Արմավիրի ավագանու անդամ, ՀՀԿ-ական նախկին քաղաքապետի ոչ մի նախագծի մասին «թթու բան» չի ասել, դեմ չի քվեարկել, հիշարժան ելույթ չի ունեցել, եղել է ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Նահապետ Գևորգյանի նախընտրական շտաբի ակտիվ անդամ։ Լավ տղա է։
Սևակ Մինասյան – դատախազության աշխատակցի ու նոտարի ընտանիքում մեծացած մանր գործարար երիտասարդ, որ լավ հասկանալով, որ արդեն մի քանի անգամ քաղաքապետ ընտրված, Ռուբեն Հայրապետյանի խնամի Ռուբեն Խլղաթյանից քաղաքում խիստ դժգոհ են, որոշեց «ակումուլացնել» այդ դժգոհությունն ու ընտանեկան կապերի շնորհիվ «վերևներից դաբրո ստանալով» հասնել քաղաքապետի պաշտոնին, սակայն հանդիպեց ավելի հաստատուն «դաբրոյի»… Արդյունքում հայտնվեց մի քանի աղմկահարույց քր. գործերի կիզակետում (նաև շինծու, թեև արանքում կարծեմ ապօրինի զենքի խնդիր էլ կար) և հիմա ներկայանում է իբրև առաջին հեղափոխական, թեև ընդդիմադիր ոչ մի քաղաքական կամ գաղափարական թիմում չի եղել։ Լավ տղա է։
Դավիթ Խուդաթյան – Տնտեսագիտական համալսարանի ուսանող, մի քանի տեղ աշխատել է որպես վարկային մասնագետ։ ՔՊ անդամ (այժմ տարածքային կառույցի ղեկավարն է)։ Նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Խստությամբ գործում է Նիկոլ Փաշինյանի թիմի մշակված ռազմավարությամբ, ինքնատիպ ու ինքնուրույն ոչ մի քայլ չի անում։ Իր հասցեին հնչած քննադատությանն արձագանքել է անբնական քար-լռությամբ (երևի հրահանգ չի ստացել, կամ էլ դեռ շատ է անփորձ), բայց ինչ-որ հրաշքով էլ (հատկապես քննադատական նյութերից հետո) նույն բյուջեով կարողացավ երեք անգամ ավելի արագ ու երեք անգամ ավելի շատ փողոց կարկատել, քան նախկին քաղաքապետը։ Լավ տղա է։
Ժիրայր Աբրահամյան – մանր գործարար է։ Լավ տղա է։
Կարծում եմ կողքից դիտողի համար պատկերն առավել քան պարզ է, բայց երբ ապրում ես փոքր քաղաքում, որտեղ թեկնածուների արժանիքները, գիտելիքները, կենսագրությունն ու անցած ճանապարհը ստորադասվում են հորեղբոր կամ հորաքրոջ տղային տրված խոստմանը, նշանակում է հեղափոխությունն այստեղ դեռ ճանապարհ ունի անցնելու, քանի որ դեռևս մտածողություն չի դարձել, քանի որ լավ տղա լինելն ավելի կարևոր է, քան բոլոր այն հմտություններն ու արժանիքները, որոնք անհրաժեշտ են համայնքի ղեկավարին։ Այնպես որ, եթե այս ամենը դիտարկենք հանրահայտ մանկական խաղի օրինակով («Սև, սպիտակ, մոխրագույն, դե շուտ վազեք դեպի քաղաքապետություն»), ապա ակնհայտ է, որ մոխրագույնները «շանս չունեն» և վերջնագիծն առաջինը կհատի սև կամ սպիտակ լավ տղան։ Եվ ի վերջո ստացվում է, որ էլի ստիպված ենք ընտրել ոչ թե լավի ու լավագույնի միջև, այլ սև ու սպիտակի…
Իսկ լավ տղա հասկացությունն այնքան բազմաշեշտ ու բազմաշերտ է դարձել, որ գրեթե անհանար է հասկանալ ու տարանջատել արժանապատվությունն ու քրեական տարրը, և թեկնածուներից ում մասին ինչ տոնով է ասվում՝ ԼԱՎ ՏՂԱ Է։ Սա իհարկե անչափ կարևոր, սակայն առանձին վերլուծության նյութ է։
Հ.Գ.
Հայտնի դարձավ, որ Արմավիրում նախընտրական հանրահավաք է լինելու, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ Սա իհարկե, հզոր հաղթաթուղթ է, և միգուցե հենց նրա միջոցով ի վերջո հեղափոխությունը տեղ հասնի…
Գևորգ Գիլանց