Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկաբնակ նկարչուհի. «Ես անում եմ իմ քայլը» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 15,2018 14:25

Ամերիկաբնակ նկարչուհի, դիզայներ Արմինե Աղայանցն իր նկարների վաճառքից գոյացած հասույթը որոշել է հատկացնել «Իմ քայլը» հիմնադրամին: Հոկտեմբերի 15 -ին Royal Classic House-ի ցուցասրահում բացվեց նրա աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը:

Միջոցառմանը  ներկա էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Արմինե Աղայանցի դասախոս Արմեն Բուբուշյանը, ներկայացնելով սանին, ասաց, որ առաջին կուրսից մինչեւ մագիստրատուրա դասավանդել է նրան: Ասաց, որ ճակատագրի բերումով Արմինեն ապրում է ԱՄՆ-ում, սակայն իրեն խոստովանել է, որ վերադառնալու է Հայաստան եւ ստեղծագործի նոր շնչով: Բուբուշյանի ձեւակերպմամբ, պարծանքի տեղ ունեն բոլորը, որ Արմինեի նման արվեստագետ կա, որը բազմաթիվ մրցանակներ է բերել միջազգային հեղինակավոր հարթակներից:

Մանրամասները` տեսանյութում:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ ողջունում է Արմինե Աղայանցի նախաձեռնությունը: Նա ցուցահանդեսը հիանալի եւ հետաքրքիր բնորոշեց:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Հակոբյանն ասաց, որ նվիրատվություն անելն իսկապես գնահատելի է: Նրա խոսքերով, նման միջոցառումներ մարդիկ միշտ անակնկալ, սեփական նախաձեռնությամբ, ինքնաբուխ  ձեւով են անում, եւ ինքը հրավերքից է տեղեկանում դրանց մասին:

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը դեռ չենք սկսել, ինչի համար ինձ մեղավոր եմ զգում, ցավոք պատճառը զբաղվածությունն էր: Ես վստահ եմ, որ այդ հիմնադրամով մեծ օգուտ կտանք: Ես մեծ աջակցություն եմ զգում նաեւ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության արշավին: Հաճախ նույնիսկ փողոցում քայլելիս կանայք մոտենում եւ հարցնում են, թե ինչպես միանալ: Ես մեծ պատասխանատվություն եմ զգում, արշավը սկսելիս չէի մտածում, որ դա մեծ հետաքրքրություն կառաջացնի եւ նման ընդգրկում կունենա»,-ասաց տիկին Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Արմինե Աղայանցի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին, վարչապետի տիկինն ասաց, որ ամենայն հավանականությամբ հասույթը հենց մշակույթին էլ կուղղվի:

Մանրամասները` տեսանյութում:

Արմինե Աղայանցն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ցուցահանդեսով անում է իր փոքրիկ քայլը` հանուն Հայաստանի Հանրապետության: Ասաց, որ ներկայացված նկարները բազմաոճ են, որովհետեւ դրանք տարբեր տարիների ստեղծագործությունների հավաքածու են: Նա ասաց, որ ազդվել է Ժանսեմից եւ Գուստավ Կլիմտից: Հավելեց, որ գեղարվեստական ճաշակը ձեւավորվել է եւ զարգացել արվեստագիտության պրոֆեսորներ Էդուարդ Վարդանյանի, Արմեն Բուբուշյանի եւ Սարո Գալենցի շնորհիվ:

Նկարչուհին մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների Հայաստանում: Ի թիվս այլ միջազգային ցուցահանդեսների՝ 2012-ին մասնակցել է Վենետիկի Մուրանո ապակեգործական ընկերության կողմից կազմակերպված միջազգային ցուցահանդես-մրցույթին, որտեղ երկու ոսկե մեդալ է ստացել «Լավագույն գրաֆիկական մշակում» եւ «Լավագույն միտք» անվանակարգերում, 2015-ին մասնակցել է Փարիզի Լուվր ցուցասրահում կազմակերպված մրցույթին, 2017-ին՝ Նյու Յորքի Արտ էսպոյին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031