Մրցաշրջան 2018-ը ավարտվում է: Հետեւաբար, մոտենում է Հայաստանի՝ տարվա 10 լավագույն մարզիկներին որոշելու ժամանակը: Ինչպե՞ս, ի՞նչ կարգով է անցկացվելու մրցույթը: Ամբողջ աշխարհում այդ իրավունքը վստահված է մարզական լրագրողներին: Մինչեւ 2017 թվականը Հայաստանում էլ այդպես էր:
Տարվա լավագույն տասնյակը որոշելու համար Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) կազմում էր տվյալ մրցաշրջանում Հայաստանի դրոշի ներքո մարզական բարձրագույն նվաճումներ ցույց տված մարզիկների ցանկը, եւ մարզական լրագրողները լրացնում էին իրենց տարբերակը: Ընդ որում, առաջարկվում էր տասնյակը կազմելիս նախապատվությունը տալ. ա) օլիմպիական մարզաձեւերին, բ) այն մարզաձեւերին, որոնք ՄՕԿ-ը ճանաչել է, սակայն չի ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագիր, գ) մնացած մարզաձեւերին: Արդար ընտրություն կատարելու համար լրագրողներին առաջարկվում էր նաեւ նկատի ունենալ մարզիկների մասնակցած մրցաշարերի մակարդակը՝ օլիմպիական խաղեր, աշխարհի առաջնություններ, մայրցամաքային առաջնություններ (տարիքային խմբերը), համաշխարհային ուսանողական խաղեր եւ այլն, ինչպես նաեւ մարզաձեւերի առանձնահատկությունները, Հայաստանում դրանց տարածման շրջանակները եւ առաջընթացի համար առկա պայմանները:
Անկեղծ ասած, ՀՄԼՖ (Գլխավոր քարտուղարը եղել է տողերիս հեղինակը, սակայն հրաժարական է տվել: Ա. Հ.) գործկոմի նիստերում լավագույն մարզիկների ցուցակը հաստատելիս բուռն քննարկումներ են եղել: Բանն այն է, որ Հայաստանում զարգացած են անհատական մարզաձեւերը՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, իսկ խաղայինները համեստ արդյունքներ ունեն: Մարզական բարձրագույն նվաճումները ավանդաբար արձանագրվում են հենց անհատական մարզաձեւերում: Այս տրամաբանությամբ շարժվելու պարագայում խաղային մարզաձեւերի ներկայացուցիչները, մեկ-երկու բացառությամբ, անարդար կերպով տեղ չէին գտնում լավագույն տասնյակի թեկնածուների նախնական ցուցակում: Այս հանգամանքը արդարացիորեն վրդովեցնում էր նաեւ մարզական լրագրողների մի ստվար հատվածի, որոնք պարզապես չէին մասնակցում քվեարկությանը:
Օրինակ, բուռն բանավեճեր են եղել Հենրիխ Մխիթարյանի համար: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եւ Հայաստանի ակումբները առայժմ չեն փայլում: Բայց դրա փոխարեն մենք ունենք Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլային աստղ, որը Հայաստանի պատիվը բարձր է պահում ամբողջ Եվրոպայում: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հասել է բացառիկ ցուցանիշների. նվաճել է Եվրոպա Լիգայի գավաթը, որ ազգային առաջնությունում խաղացել է, սահմանել է ռեկորդներ, ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ռեկորդները կարելի է երկար թվարկել: Բայց արի ու տես, որ նա «իրավունք չէր ունենում» ընդգրկվել 10 լավագույն մարզիկների թեկնածուների ցուցակ զուտ այն պատճառով, որ Հայաստանի ազգային հավաքականը, մեղմ ասած, լավ չի խաղում:
Խաղային մարզաձեւերում, ցավոք, այնպիսի վիճակ է, որ առնվազն առաջիկա 20 տարում դժվար թե լուրջ արդյունք լինի: Ուրեմն, Հայաստանում խաղային մարզաձեւերի ոչ մի ներկայացուցիչ չի՞ կարողանալու հավակնել «Հայաստանի 10 լավագույն մարզիկ» ցանկում որեւէ հորիզոնական զբաղեցնելուն:
ՀՄԼՖ գործկոմի նիստում բազմիցս առաջարկվել է կանոնակարգում մի տող ավելացնել, որը կանաչ լույս կվառեր նաեւ խաղային մարզաձեւերի այն մարզիկների առջեւ, որոնք հանդես գալով այլ երկրներում՝ բարձր են պահում Հայաստանի մարզական դրոշի պատիվը, Հայաստանին հեղինակություն են բերում աշխարհում: Բայց, ավաղ, վերջնական ընդհանուր հայտարար ձեռք չի բերվել:
Այս բացը անցած տարի լրացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որն իր վրա վերցրեց «Հայաստանի 10 լավագույն մարզիկ» մրցույթի կազմակերպումը: Բայց գերատեսչությունը նախորդ իշխանության օրոք իր նոր կանոնակարգով նաեւ մի իսկական խառնաշփոթ ստեղծեց՝ գործընթաց ներգրավելով ում ասես: Ավելին, լավագույն տասնյակը որոշելու համար կազմակերպվեց նաեւ հանրային SMS քվեարկություն ու այս ամենի խուճուճ, հավանաբար միայն նորաստեղծ հանձնաժողովի համար հասկանալի համադրումներով ու հաշվարկներով որոշվեցին 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Մեր կարծիքով, այս շիլաշփոթը վերացրեց մարզական բարձրագույն նվաճում հասկացությունը՝ որոշում կայացնելու ճանապարհ բացելով ոչ մասնագետների, սպորտին սիրողական մակարդակով առնչվողների անձնական ճաշակի առջեւ:
Մրցաշրջան 2018-ն ավարտվում է: Շուտով պետք է որոշվեն Հայաստանի այս տարվա 10 լավագույն մարզիկները: Բայց ովքե՞ր լինելու որոշողները, ինչպե՞ս, ի՞նչ կարգով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ