Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա ես ի՞նչ, ապավինեմ դավաճանների կամ տկարակամ մարդկանց մտածելակերպի՞ն». Վարուժան Ավետիսյան

Հոկտեմբեր 15,2018 14:06

Առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են եւ, ինչպես հայտնի է, այդ ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել բազմաթիվ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը, որը գլխավորում են Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս իր վերջին ասուլիսում արդարացնում էր զենքով քաղաքական հարցեր լուծելը, ուստի Aravot.am-ը Վարուժան Ավետիսյանի հետ զրույցում նրան հարցրեց՝ հիմա, երբ վերլուծում ենք ՊՊԾ գնդում կատարվածը, հանրության մի հատված կա, որ ձեզ հերոս է համարում, մի մասը՝ զենքի ճանապարհով իշխանություն վերցնող է ասում, մյուսը՝ պարզապես մարդասպան, ըստ ձեզ, ո՞րն եք դուք: Վարուժան Ավետիսյանն արձագանքեց. «Մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, եւ ես ինձ իրավունք չեմ վերապահում մարդկանց կարծիքներ պարտադրել: Ես ասում եմ այն, ինչ համարում եմ բացարձակ ճշմարտություն: Բնականաբար, միշտ էլ լինում են ամրոցում բնակիչներ, որ ասում են՝ եկեք ամրոցը տանք հակառակորդին, միգուցե մեզ չկոտորի: Այդպես էլ է լինում: Լինում են մարդիկ, որ դարպասները բացում են, ամեն տեսակ մարդիկ էլ լինում են: Հիմա ես ի՞նչ, ապավինեմ դավաճանների կամ տկարակամ մարդկանց մտածելակերպի՞ն: Չէ, ես այդպես չեմ պատկերացնում, ես պատկերացնում եմ, որ պետք է ընդվզեմ, պայքարեմ: Ես ինչի՞ պիտի դեռեւս չհասունացած մարդկանց կարծիքները հիմք ընդունեմ: Ես համարում եմ, որ դա հիվանդագին դրսեւորում է: Եվ առհասարակ հատկապես հայ ազգին զենքից հեռու պահելը, հայ ազգին զինված դիմադրությունից հեռու պահելը, հայ մարդուն ասելը, որ քարի մեջ արյուն կա՝ դա ցեղասպանության կանչ է, ուշքի գանք, էլի: Ոչ թե որ ես եմ արել, դրա համար եմ ասում, ուշքի՛ գանք, չի՛ կարելի: Կարճաժամկետ քաղաքական կամ այլ նպատակների համար չի կարելի կոտրել ազգի ոգին, չի կարելի խոսել ճշմարտության դեմ»:

Պատասխանելով մեր դիտարկմանը, որ զենքով հարց լուծելն ամենաճիշտ ճանապարհը չէ, նա ասաց. «Չի՛ կարելի, էլի, դա ճիշտ մտածելակերպ չի, դա ինքնաոչնչացման ճանապարհ է: Աստված մարդուն երկու գործառույթ է տվել՝ արարել եւ պահպանել: Պահպանելը, ցավոք սրտի, երբեմն առանց ուժի չի լինում»:

Մեր դիտարկմանը, որ դրանք «վայրի օրենքներ» են, քաղաքակիրթ աշխարհում հնարավոր է հարցերը լուծել առանց բռնի ուժի, առանց զենքի, եւ եթե Աստծո անունն եք տալիս, ձեր ասածը նաեւ հակաաստվածաշնչյան է, չէ՞ որ Աստվածաշունչն ասում է՝ մի այտդ ապտակում են, մյուսը դեմ տուր, չի ասում՝ զենքը վերցրու ու կրակիր ապտակողին, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Քրիստոսն ինքը մտավ տաճար եւ ֆիզիկական բռնությամբ վտարեց վաշխառուներին, առեւտրականներին այնտեղից: Ասվեց՝ ով սրով գա, սրով կընկնի: Եվ ընդհանրապես այդ մակարդակի խոսակցությունները, կներեք, 21-րդ դարի համար չեն, թե՛ Աստվածաշունչը, թե՛ մյուս բոլոր պատումները դրանք ընդամենը հավատամքային համակարգերի ստվերոտ արտացոլումներ են եւ կտրտված, մասնատված անկանոն հավաքածուներ: Պետք չի այդպես հեղինակություններով ինձ փորձել…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Այս կուսակցությունը համաձայն է՞, որ իր դեմ ուրիշները նույնպես զենքով պայքարեն, եթե գտնեն, որ հենց այդպես է պետք և ոչ այլ կերպ։

  2. Հ.Շ. says:

    այս կուսակցութիւնը ամենալուրջ գլխացաւն է դառնալու Պարոն Փաշինյանին համար, ընտրութիւններէն ետք, աստիճանաբար

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031