Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իհարկե, սրանով Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի, բայց սա կնպաստի Արցախի ժողովրդավարացմանը»

Հոկտեմբեր 15,2018 15:30

Արմեն Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւի մասին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ձայների 39 «կողմ» եւ 7 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի (լուսանկարում) հեղինակած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։

Այն վերաբերում է չճանաչված պետություններում կամ, այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Այս բանաձեւով, ըստ էության, ամրագրվում է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցել ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ` մշտադիտարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում:

«Առավոտը» Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ այն, որ ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների կողմից հնարավոր է մշտադիտարկման առարկա դառնա մարդու իրավունքների իրավիճակն Արցախում, դա ինչքանո՞վ կնպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա պատասխանեց. «ԵԽԽՎ ընդունած բանաձեւը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ուղղակիորեն չի ազդի, բայց դա կնպաստի Արցախի ժողովրդավարացմանը: Հայտնի է, որ Արցախում ժողովրդավարության վիճակը ավելի վատ է, քան Հայաստանում, քանի որ միջազգային դոնոր կազմակերպությունները քիչ գրանտներ են տալիս, եւ այնտեղ քաղաքացիական հասարակությունը թույլ է զարգացած: Հետեւաբար ԵԽԽՎ ընդունած բանաձեւը կնպաստի նրան, որ Արցախը կհայտնվի ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների մշտադիտարկման ներքո, ինչի շնորհիվ Արցախի իշխանությունները ավելի զգոն կլինեն, մարդու իրավունքների ոլորտում այդ կառույցների հայտնաբերած թերությունները կշտկեն, եւ ժողովրդավարության մակարդակը ավելի կբարձրանա»:

Մեր մյուս հարցին՝ չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը որքանո՞վ կարող է նպաստավոր լինել հայկական կողմի համար՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացնում արցախա-ադրբեջանական սահմանին, սակայն դա առանձնապես չի զսպում Ադրբեջանին, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացնում արցախա-ադրբեջանական սահմանին, եւ դրա նպատակը սահմանին զինված բախումները, դիպուկահարների կողմից միմյանց վրա կրակելը, զինված միջադեպերը նվազեցնելն է: Իսկ ԵԽԽՎ բանաձեւը միանգամայն այլ նպատակ է հետապնդում՝ չճանաչված պետություններում կամ, այսպես կոչված, գորշ գոտիներում մարդու իրավունքների վիճակի բարելավումն է եւ դրանց պաշտպանությունը: Հայտնի է, որ աշխարհի բազմաթիվ չճանաչված պետություններում մարդու իրավունքների տոտալ խախտումներ են տեղի ունենում՝ մարդկանց են սպանում, առեւանգում, զարգանում է մարդկային թրաֆիքինգը եւ այլն, եւ այդ գոտիների մեծ մասը դուրս է վերահսկողությունից: Եվ եթե մենք ուզում ենք, որ Արցախի Հանրապետությունը լինի ժողովրդավարական պետություն, այստեղ պաշտպանված լինեն մարդու իրավունքները, ուրեմն այս բանաձեւը միանշանակ մեր օգտին է»:

Նշենք, որ այս զեկույցի ընդունման կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, թե ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակերպումներ, այլեւ հակառակը` պարունակում է ձեւակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում, եւ թերեւս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձեւին։ Ընդ որում, հենց երեկ հանձնաժողովի նիստում ներկայացվել էին փոփոխություններ, որոնք ուղղված էին բարենպաստ ձեւակերպումների վերացմանը կամ չեզոքացմանը, բայց ապարդյուն: Այս առիթով Արմեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ զեկույցի ընդունումը հայկական պատվիրակության հաղթանա՞կ համարել, թե՞ ԵԽԽՎ-ում իրադրությունն էր նպաստավոր այդ զեկույցի ընդունման համար, Արմեն Վարդանյանը պատասխանեց՝ դատելով այն բանից, որ Արցախի իշխանությունները մշտապես պատրաստակամություն են հայտնել մարդու իրավունքների ոլորտում համագործակցել ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ եւ մշտադիտարկման առարկա դարձնել մարդու իրավունքների վիճակը Արցախում, ինչպես նաեւ այն փաստը, որ այս բանաձեւին դեմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակները եւ մեկ թուրք պատվիրակ՝ կարելի է համաձայնել այն բանի հետ, որ սա մեր պատվիրակության հաղթանակն է. «Իհարկե, սրանով Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի, բայց սա կնպաստի Արցախի ժողովրդավարացմանը: Բացի դրանից, Արցախը փաստացիորեն հայտնվում է ԵԽ-ի տիրույթում: Մեր նպատակը մշտապես եղել է այն, որ Արցախը իր ժողովրդավարության մակարդակով ավելի բարձր մակարդակի վրա լինի, քան Ադրբեջանը: Եվ պետք է ասել, որ մեզ հաջողվել է հասնել դրան: Մասնավորապես, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցների համաձայն՝ Արցախը դասվում է «մասնակի ազատ» երկրների շարքին, իսկ Ադրբեջանը համարվում է «անազատ» երկիր։ Այժմ պետք է հասնենք նրան, որ Արցախը դառնա լրիվ ժողովրդավարական երկիր եւ այդ առումով մի քանի գլուխ բարձր լինի Ադրբեջանից: Այդ դեպքում միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չի դիտարկի Արցախը Ադրբեջանի կազմում մնալու ոչ մի տարբերակ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

12.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031