Հայաստանում սիրիահայերի ինտեգրման առանձնահատկությունները
Հայաստան ներգաղթած սիրիահայերի ինտեգրման առանձնահատկությունները, տարբեր ոլորտներում նրանց ունեցած դժվարությունները եւ հաղթահարման ուղիները վեր հանելու, ինչպես նաեւ ներգաղթյալների հանրային քաղաքականությանը նպաստող մեխանիզմների բացահայտման նպատակով «Սիրիահայերի ինտեգրման փորձառությունը Հայաստանում. խնդիրների հաղթահարման մեխանիզմները» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն: Հետազոտությունն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հեղինակն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող, հայցորդ Լուսինե Տանաջյանը:
Հայաստանում սիրիահայերի ինտեգրումը դեռեւս շարունակվող գործընթաց է, եւ առկա են լուծում պահանջող խնդիրներ տարբեր ոլորտներում:
Սոցիալական հարաբերություններում առաջին խնդիրներից սիրիահայերը նշում են սոցիալական կապերի բացակայության եւ Հայաստանում դրա կարեւորության մասին: Վերջինիս պատճառով սիրիահայերի մեջ բացակայում է վստահությունը պետական կառույցների նկատմամբ: Հասարակության մակարդակով հարաբերությունների մեջ սիրիահայերը ունեն ե՛ւ դրական, ե՛ւ բացասական փորձառություն: Սիրիահայերի կողմից կարեւոր խնդիր է դիտարկվել նաեւ, ըստ իրենց ընկալման, խտրական վերաբերմունքը՝ հիմնված առավելապես Սփյուռքի հայերի նկատմամբ կարծրատիպերի վրա:
Մշակութային տարբերությունների մասին խոսելիս սիրիահայերը հիմնականում նշում են լեզվական տարբերությունների, առօրյա կենցաղային շփումների կամ աշխատանքային մշակույթների տարբերությունների մասին: Լեզվամտածողության տարբերություններն առավել քան արդիական են. ներգաղթյալ սիրիահայերի եւ հայաստանցիների՝ միմյանց չհասկանալու պատճառներից մեկն էլ դա էր: Առօրյա մշակութային պրակտիկաներում սիրիահայերը շեշտադրում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ազգային կամ եկեղեցական տոների նկատմամբ տարբերվող վերաբերմունքը:
Կրթության հարցում առկա խնդիրները հիմնականում կապված են կրթական համակարգերի, բարձրագույն եւ միջնակարգ կրթական ծրագրերի տարբերությունների, բուհական վարձավճարների հետ: Դրանք ՀՀ կրթական համակարգում ուսանողների եւ աշակերտների սահուն ինտեգրման խոչընդոտներ են ստեղծում: Նախադպրոցական, դպրոցական, բուհական եւ կրթական այլ հաստատություններ կամ դասընթացներ հաճախող սիրիահայերին հանդիպած դժվարությունների ու խնդիրների մասին հարցվողների մեկնաբանություններից պարզվում է, որ դեռեւս խնդիրներ կան սիրիահայ եւ տեղացի երեխաների դպրոցում համատեղ կրթության պարագայում, դպրոց-ընտանիք, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները գտնվում են անցումային վիճակում, առարկաների ու ծրագրերի միջեւ եղած տարբերությունները դժվարին կացության առջեւ են կանգնեցնում երեխաներին:
Տնտեսական գործունեության, հատկապես ձեռնարկատիրական ոլորտում սիրիահայերի խնդիրները հիմնականում կապված են ՀՀ տնտեսության փոքր շուկայի, անկայուն տնտեսական միջավայրի, վարչարարական, ինստիտուցիոնալ անհարթությունների, ինչպես նաեւ միջավայրային անհամապատասխանության հետ: Մեծ դեր ունի նաեւ նշված խնդիրների մասին պակաս իրազեկվածության եւ սոցիալական կապերի բացակայությունը:
Սիրիահայ ձեռնարկատերերի համար կարեւորագույն խնդիր է դիտարկվում տնտեսվարման մշակույթների, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի տարբերությունները, որոնք կարող են հաղթահարվել մի շարք ուղիներով. մի կողմից՝ բարձրացնելով ներդրողի տեղեկացվածության աստիճանը, մյուս կողմից՝ վերափոխելով հայաստանյան գործարար միջավայրը: Այս առումով անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել ներդրումային գործունեության սոցիալական բաղադրիչի վրա՝ ստեղծելով ընդհանուր հարթակ սիրիահայերի շրջանում պոտենցիալ ներդրողների համար: Ինչպես ցույց են տալիս տվյալները, համապատասխան քայլեր ձեռնարկվել են տարբեր կառույցների կողմից, սակայն ոչ միշտ են ունեցել անհրաժեշտ թիրախավորումը եւ արդյունավետությունը: ՀՀ-ում սիրիահայերի մի մասը իրենց հետագա մտադրությունները կապում են անմիջապես ներդրումային գործունեության հետագա ընթացքի հետ:
ԼՈՒՍԻՆԵ ՏԱՆԱՋՅԱՆ
PhD ուսանող, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժին
«Առավոտ»
12.10.2018
lol
«Հետազոտությունն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ »
……………………………………………………………………
Քանի որ այսքան բացառիկ հետազոտող ես, (Phd, ֆալան…) մի քիչ ել հետազոտէ նայինք թէ այդ նոյն Կազմակերպութեան հիմնադիրը եւ փողերու աղբիւրը ինչ դերակատարութիւն ունեցած է արաբական երկիրներու քանդումի գործընթացում, եւ հետեւաբար ձեր Սուրիոյ քայքայումի կապակցութեամբ, որու պատճառով գոնէ հնարաւորութիւնը ունեցած Հայաստան ապաստանելու, մերսի պիտի չասէք, գոնէ վրան ալ՝ մի գանգատիք:
Արաբներուն ենթարկուեցաք տասնամեակներ շարունակ, որպէս երկրորդ, երրորդ աստիճանի, ստորադաս քաղաքացիներ, հակառակ ատոր մինչեւ ծայր խոնարհելով ձեր պաշտելի բռնատէրոջ շուքին առջեւ, հիմա Հայաստան եկեր էք, այսպիսի դասե՞ր կ’ուզէք կոր տալ տեղացիներուն…