ՇԱՐԺՈՒՄ -30
Զրուցակիցս` Հայրապետ Արիստակեսյանը, 1987թ.-ին ծանոթացել է Իգոր Մուրադյանի ու Արթուր Մկրտչյանի հետ: Ինչպես նա է ասում. «Իմ աշխատանքային կենսագրությունը մինչ Արցախյան շարժումը շատ կարճ է եղել: Սկսած 1988թ. փետրվարից՝ ամբողջությամբ նվիրվել եմ պայքարին, մինչ 1994թ. զինադադարի կնքումը»: Նրա հիմնական գործը ՀՀ սահմաններում, Արցախում ջոկատներ զինելն էր, ինքնապաշտպանություն կազմակերպելը, սնունդ հասցնելը, մասնավորապես՝ Բերդաձորին, Շահումյանին ու Գետաշենին:
Ներկայումս նա բնակվում է ՌԴ-ում, զբաղվում շինարարական գործունեությամբ:
-Դուք Հայաստանից մինչ Ռուսաստան տեղափոխվելը զբաղվել եք արտադրությամբ: Ինչո՞վ էիք զբաղված հայրենիքում, երբանից եք աշխատում եւ բնակվում ՌԴ-ում:
-1984թ.- ին ավարտել եմ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, որից հետո ծառայել եմ նախկին խորհրդային բանակում: 1986թ.-ին բանակից վերադարձել եմ իմ հայրենի Հոկտեմբերյան, ներկայումս` Արմավիր ու անցել աշխատանքի Ճանապարհային ճաշարանների եւ ռեստորանների միավորումում, որպես ավագ ապրանքագետ ու տնօրենի առաջին տեղակալ: Պատերազմից հետո ինձ նշանակեցին Արմավիրի մարզի հարկային տեսչության պետի տեղակալ: Երեք տարի փորձում էի ՀՀ-ում զբաղվել ձեռներեցությամբ, բայց ամեն բան դեմ էր առնում իմ կուսակցական պատկանելության քարին: Ես ՀՅԴ կուսակցության անդամ էի, իսկ դա խանգարող հանգամանք էր ՀՀՇ իշխանավարման տարիներին: 1997թ.-ից սկսեցի աշխատել ՌԴ-ում գտնվող իմ համակուրսեցիների հետ, զբաղվում էի արտահանումներով: Բայց կրկին նույն արգելքներն ու խութերը: 1998թ. նոյեմբերին տեղափոխվեցի ՌԴ: Մինչեւ այժմ էլ չեմ կարծում` թե մշտական բնակության:
-Հիմա է՞լ եք զբաղվում արտահանությամբ: Ի՞նչ էիք արտահանում: Ի՞նչը չբավարարեց նախկին հարկային աշխատակցին, որ տեղափոխվեց այլ երկիր:
-Հարկայինում չէի կարող աշխատել: Չկար արդյունաբերություն ու արդյունաբերողներ: Հիմնական հարկատուն պետք է լիներ շուկայում մի կերպ առեւտուր անողը ու դժվարությամբ ընտանիք պահողը, իսկ ես չէի կարող այդ մարդկանցից հարկեր հավաքել, քանի որ շատ լավ գիտեի, ինչ դժվարությամբ ու ինչ գիշատիչ վաշխառուական տոկոսներով էին գումարներ վերցնում, որպեսզի մի կերպ ընտանիք պահեն:
Հոկտեմբերյանի «Ապակե տարաների գործարանը» Երեւանի կոնյակի գործարանի համար ապակե տարաներ էր արտադրում: Կոնյակի գործարանը գումարի փոխարեն վճարում էր կոնյակով: Այդ կոնյակը իրացնում էի ՌԴ-ում, ստացված գումարների մի մասը փողի տեսքով ուղարկում էի գործարան: Մնացածը տանում էի «Ստերլիտամակ» ու գործարանի համար գնում կալցինիրացված սոդա, որն անհրաժեշտ էր ապակու արտադրության համար: Սոդան բերում էի Նովոռոսիյսկ, նավով տեղափոխում Փոթի, որտեղից գործարանն իր միջոցներով տեղափոխում էր Հոկտեմբերյան: Անգամ Ժողինստիտուտում սովորած տարիներիս միշտ երազել եմ շինարար լինել: Շատ եմ զբաղվել ինքնակրթությամբ՝ այդ մասնագիտությանը տիրապետելու համար: 1999թ. մայիսից ՌԴ-ում զբաղվում էի մակուլատուրայի մթերումով ու զուգահեռ ստեղծում նախադրյալներ շինարարությամբ զբաղվելու համար: 2000թ. մայիսին հիմնեցի իմ առաջին շինարարական կազմակերպությունը, որը զբաղվում է ընդհանուր շինարարական աշխատանքներով, իսկ 2002թ.-ին երկրորդ ձեռնարկությունը, որը զբաղվում է միայն էլեկտրամոնտաժով: Երկու ձեռնարկություններն էլ գործում են:
-Պարոն Արիստակեսյան, Դուք ծանոթ եք թե Հայաստանի, թե ՌԴ հարկային դաշտին առնչվող օրենսդրությանը, ունեք պարտավորություններ: Որտե՞ղ էր հեշտ գործել, եւ որո՞նք են տվյալ դեպքում ՌԴ հարկային օրենսդրության առանձնահատկությունները, որոնք չկան հայրենի օրենսդրությունում:
-Ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգիրքը համարյա ՌԴ հարկային օրենսգրքի պատճենահանումն է: Միակ տարբերությունը հարկային համակարգի մոտեցումն է տնտեսվարողին: ՌԴ-ում վճարում եմ ուղիղ այնքան հարկ, որը սահմանված է օրենսդրությամբ, իսկ իմ շատ գործընկերներ ՀՀ-ից բողոքում են այն բանից, որ հարկային տեսուչը կարող է մտնել տնտեսվարողի մոտ ու պահանջել վճարել իր հասանելի վճարումից ավելին ու հիմնավորել բյուջեի կարիքներով: Այստեղ նման բանը բացառվում է: Տնտեսվարողի համար ամենալավ միջավայրը կանխատեսելի միջավայրն է, որտեղ կարող ես պլանավորել գոնե մեկ կամ երկու տարվա կտրվածքով: Չունենալով ոչ մի հովանավոր՝ իմ կազմակերպությունները հավասար հիմունքներով տենդերներ են շահում ու աշխատում մի քանի տարվա կտրվածքով: Իսկ դա շատ մեծ առավելություն է, հաստատուն է, չկա տարերայնություն ու հովանավորչություն:
-Պարոն Արիստակեսյան, մեր տնտեսվարողներն ավելի շատ դժգոհում են տարատեսակ, պարբերաբար անցկացվող ստուգումներից: Ճիշտ է, այն կարգավորված է օրենքով, սակայն կարծես հաշվի չի առնվում: ՌԴ-ում ի՞նչ կարգով եք տարվա մեջ «ստուգվել»:
-Օրենքով իրավունք ունեն ստուգումներ անցկացնել երեք տարին մեկ անգամ, եթե չկան կասկածելի գործարքներ, ու այդ կասկածելի գործարքները նախ պետք է հիմնավորեն, հետո նոր կարող են անցկացնել ստուգում: Եթե փորձեն սահմանված ժամկետից շուտ ստուգումներ անցկացնել, նախ թույլ չեմ տա հիմնարկ մտնեն, հետո դատական կարգով կբողոքարկեմ: Իսկ եթե նման քայլով իմ ձեռնարկությանը ֆինանսական վնաս պատճառած լինեն, ապա դատարանում իմ ներկայացրած հայցով կարող եմ հարկային տեսչությանը տույժեր ու տուգանքներ ներկայացնել:
-Մեզանում բավական շատ է խոսվում կոռուպցիոն սխեմաների մասին: Հնարավո՞ր է ղեկավարել հիմնարկ, կազմակերպել արտադրություն առանց կոռուպցիոն ռիսկերի:
-Իհարկե հնարավոր է, ընդամենը կամք է հարկավոր: Իմ ձեռնարկությունն արդեն տասը տարուց ավելի համագործակցում ու կառուցում է մի քանի հզոր գյուղատնտեսական հոլդինգների, ու այլ բնագավառներում զբաղված արտադրողների հետ: Կառուցում ենք պետպատվերով ու համոզված եմ, որ ոչ թե ես պետք է խնդրեմ, որ իմ ձեռնարկություններին աշխատանք տան, այլ իրենք պետք է շահագրգռված լինեն համագործակցելու: Տնտեսվարման ոլորտում ամենակարեւոր պայմանը հուսալի գործընկեր լինելն է, վերցրած պարտականությունների համար պատասխանատվություն կրելը:
-Լինելով արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած՝ արդյոք վատ չե՞ք զգում, երբ աշխատատեղ եք ստեղծում օտար երկրում, օտարի համար: Մտադիր չե՞ք գալ Հայաստան, ներդրումներ անել, մանավանդ որ, գործող իշխանությունները կոչ են անում, ասելով` թե իրավիճակ է փոխվել:
-Ոչ միայն մտադիր եմ, այլ նաեւ արդեն նախապայմաններ եմ ստեղծում Հայաստանում արտադրություն հիմնելու ուղղությամբ: Նախ, որդուս հետ Հայաստանում կբացենք համատեղ ձեռնարկություն, որի արտադրանքի իրացնողը հիմնականում ՌԴ-ն է լինելու: Իմ նախատեսածը նոր խոսք է գյուղմթերքների վերամշակման ու իրացման գործում: Իսկ հարցի առաջին մասով ցավով պետք է նշեմ, որ նախորդ իշխանություններում էլ եղել են նախկին մարտական ընկերներ: Մի քանի անգամ փորձել եմ նրանց դիմել Հայաստանում արտադրություն հիմնելու հարցով, պատասխանները, եթե շատ մեղմ արտահայտվեմ՝ զազրելի են եղել: Մոտավորապես այս տիպի՝ արի, դիր աշխատի, կուզես հարկային դաշտում, կուզես դրանից դուրս, տեր ենք: Նման պատասխանը ինձ իսկապես ստիպել է խորհել ու ձեռնպահ մնալ:
-Դա նշանակում է`կորցնե՞լ, շահե՞լ:
-Ոչ, ինչու թողնել: Ցանկացած արտադրություն, մինչեւ ոտքի կանգնի, բավական երկար ժամանակ է պահանջում: Արտադրությունը, առավել եւս՝ եթե նորություն է, այն դժվարությունների է հանդիպում: Արտադրությունը սկզբնական շրջանում պահանջելու է ֆինանսական ներարկումներ: Ես կշարունակեմ իմ շինարարական գործունեությունը, իսկ տղաս կզբաղվի արտադրությամբ: Որպեսզի ֆինանսական ներդրումները ու ներարկումները լինեն օրենքին համապատասխան, այդ իսկ պատճառով էլ ասել էի, որ սկզբի համար կհիմնենք համատեղ ձեռնարկություն: Իսկ դա կօգնի կախման մեջ չլինել վարկային զամբյուղից:
Հարցազրույցը`
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
12.10.2018