Բրազիլական Իգուատու քաղաքի սատանիստները 4 մարդ են զոհաբերել վիճակախաղ շահելու հույսով: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին: 30-ամյա Գլեուդսոն Բարոսը, նրա գործակիցներ՝ 41-ամյա Ռոբերտո Ալվեսը եւ 17-ամյա Սամիո Բեսսան զոհերին հրավիրել են երեկույթի մի փոքրիկ գյուղակում գտնվող առանձնատանը՝ իբր զվարճանալու համար: Նրանք սկզբում զոհերին հարբեցրել են էժանագին ալկոհոլով, ծեծի ենթարկել, այնուհետեւ սպանել ու մասնատել են սատանիստական ծեսի կանոնների համաձայն` իբր Սատանային կանչելու եւ նրա հովանավորությանն արժանանալու համար: Բարոսն ու Ալվեսը ձերբակալված են, իսկ Բեսսան հասցրել է ինքնասպան լինել: Սատանիստներն իրենց արարքն արդարացրել են նրանով, որ ցանկանում էին վիճակախաղ շահել ու ավելի լավ ապրել: Սատանիստների տնակում հայտնաբերվել են սատանայի արձանիկներ եւ ծիսական իրեր:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2017-ին էլ Ուգանդայում էին մասսայական զոհաբերություն իրականացնում` ողջ մարդկանց տարբեր անդամները կտրելով ու արյուն հոսեցնելով: 1,6 միլիոն մարդ այդ երկրում մոլեգնող երաշտի պատճառով դատապարտված էր սովի: Սեպտեմբերին ծիսական սպանություններին զոհ էր գնացել 44 մարդ: Ուգանդացիները դա անում էին իբր երկրում սկսված երաշտը կանխելու համար: Արեւելյան Աֆրիկայում դա ամենահզոր երաշտն է եղել 50 տարվա ընթացքում:
Սեփ. լր.
«Առավոտ»
12.10.2018