Աշխարհահռչակ հայ երաժիշտներ կան, որոնց հայրենիքում «անձամբ» չեն ճանաչում, նրանց մասին տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից: Նրանց թվում արվեստագետներ են, որոնք միաժամանակ հաջողությունների են հասել երաժշտարվեստի մի քանի ոլորտներում: Խոսքը Սանկտ Պետերբուրգում բնակվող դաշնակահար, օպերային երգիչ, դիրիժոր եւ կոմպոզիտոր Միհրան Աղաջանյանի մասին է: Հայաստանցի հանդիսատեսին եզակի հնարավորություն է ընձեռված հոկտեմբերի 17-ին Ազգային օպերային թատրոնում հանդիպելու օպերային տենոր, Մարիինյան թատրոնի աստղ Միհրան Աղաջանյանին՝ Պուչինիի «Տոսկայում» Կավարադոսի դերերգով:
Արվեստագետի անունը ժամանակին երեւացել է «Առավոտի» էջերում, առիթն էլ 20-ամյա Միհրան Աղաջանյանի կողմից Սանկտ Պետերբուրգում 2012-ին հիմնված 90 երաժիշտներից բաղկացած Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբն էր, որը տարբեր ժամանակներ ղեկավարել են դիրիժորներ Ռուբեն Ասատրյանն ու Կարեն Դուրգարյանը: Ընդ որում, այդ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Երեւանի օպերային թատրոնի մեներգիչներ, նվագախումբն էլ հնչեցրել է Ավետ Տերտերյանի սիմֆոնիաներից: 2017թ. այդ նվագախումբը՝ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, ներկայացրել է իտալացի հայտնի տենոր Լորուենս Բրաունլիին: Բացի իր հիմնած նվագախմբից, մեր հայրենակիցը ղեկավարել է տարբեր կոլեկտիվներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ, Ռոստովի երաժշտական թատրոնի, Էրմիտաժի պետական նվագախմբերը եւ այլն: Որպես դաշնակահար 11 տարեկանում նա հաղթող է ճանաչվել հեղինակավոր՝ Սկրյաբինի անվան միջազգային մրցույթում, նաեւ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է: Կոմպոզիտոր Միհրան Աղաջանյանին արտասահմանյան մամուլը դրվատանքի խոսքեր է հղում, բազմաժանր ստեղծագործություններից առանձնացնելով նրա «Հայկական բալլադը»՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար: Իսկ որպես օպերային երգիչ, իսկապես բազմաթիվ են նրա արվեստին ուղղված հիացական խոսքերը այնպիսի մեծությունների կողմից, ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիեւը: Մեր հայրենակիցը որպես օպերային երգիչ 2015թ. մասնակցել է Դոմինգոյի հիմնած Operalia մրցույթին, վերջերս էլ տենորը դարձյալ մասնակցել է Լիսաբոնում անցկացվող այդ մրցույթին, որը հյուրընկալել է 15 հեղինակավոր օպերային թատրոնների տնօրեններին, այդ թվում՝ Մետրոպոլիտեն, Քովեն Գարդեն, Լա Սկալա, Մարիինյան եւ այլն: Առաջին անգամ 19 տարեկանում բեմ է բարձրացել Մարիինյան թատրոնի «Կարմեն» ներկայացման մեջ՝ Մորալեսի դերերգով: Ընդ որում՝ սա բարիտոնի պարտիա է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ինքը՝ Միհրան Աղաջանյանը, նշելով, որ աշխատում է գերխիտ գրաֆիկով, որը մինչեւ 2021 թվականը կազմված է: Մեր զրուցակցի խոսքերով՝ սա միակ պատճառն է, որը խանգարել է իրեն մինչ այս բեմ բարձրանալ հայրենիքում: «Մշտական կապի մեջ եմ մաեստրո Օրբելյանի հետ, վերջին անգամ նա հրավիրել էր հանդես գալ Դոնիցետիի «Պողիկտոսում», սակայն գրաֆիկս թույլ չտվեց հրավերն ընդունել»,- ասաց մեր զրուցակիցը: Ռեպլիկին՝ մի քանի տարի է՝ ինչ համագործակցում է վիեննական TACT մենեջերական կազմակերպության հետ, գուցե նրանք են որոշում որտեղ եւ երբ ելույթ ունենա, Միհրան Աղաջանյանի պատասխանը հակիրճ էր. «Որտեղ եւ երբը հայրենիքիս չի վերաբերվում»:
Խնդրեցինք երիտասարդ արվեստագետին՝ հակիրճ ներկայացնել իր ուսումնառության ուղին, որի շնորհիվ դեռեւս երիտասարդ տարիքում է դարձել հայտնի անուն: Արվեստագետը հայտնեց, որ թերեւս առաջին հայացքից գուցե տարօրինակ թվա, բայց ինքը վոկալի դասախոս՝ որպես այդպիսին, չի ունեցել: «Ուսանել եմ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի քոլեջում որպես սիմֆոնիկ դիրիժոր եւ դաշնակահար: Փոքր տարիքից ցանկություն եմ ունեցել դառնալ երաժիշտ, բայց ոչ երգիչ: Հայրս Արցախից է, մայրս՝ Երեւանից: Նրանք ամուսնացել են Խարկովում, հետո տեղափոխվել Ռոստով: Ես արդեն 16 տարեկան էի, երբ ընտանիքս տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ: Ասեմ, որ մանկուց մուլտֆիլմերի փոխարեն մեր տանը հնչում էր դասական երաժշտություն, հատկապես վոկալ, այն էլ համաշխարհային օպերային իրական աստղերի կատարումներ… Հետո ես մասնակցեցի այդ աստղերից մեծանուն երգչուհի Ելենա Օբրազցովայի անվան մրցույթին եւ այլն…»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք, թե ինչու իրեն՝ փոքր երեխային, ծնողները «հրամցրել» են դասական երաժշտություն, այն էլ հատկապես վոկալ: «Պատճառը մեկն է. մայրս՝ Լուսինե Աղաջանյանը, Ռոստովի Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալ մեներգեցողության բաժինն է ավարտել եւ Ռոստովի պետական երաժշտական թատրոնի մեներգչուհի է: Այսօր նրա խաղացանկում են գլխավոր դերերգեր՝ «Տրավիատա», «Կարմեն», «Թագավորի հարսնացուն» եւ այլ օպերաներից, ինչպես նաեւ հանրահայտ օպերետներից»,- պատասխանեց Միհրան Աղաջանյանը: Հավելեց նաեւ, որ մեծացել է թատրոնի կուլիսներում. «Հետագայում մորս շնորհիվ, երբ նա վարպետության դասեր առնելու նպատակով մեկնեց Հռոմ, ես էլ նրա հետ էի. արդեն սովորում էի քոլեջում: Մայրս դասեր էր առնում ոչ ավել-ոչ պակաս՝ Ռենատա Սկոտտիի ղեկավարությամբ, եւ երբ այդ մեծանուն երգչուհին լսելով իմ վոկալը, իտալացուն հատուկ արտահայտություն արեց՝ կարծես Դոմինգոյի թոռը լինես…»:
Զրույցի ընթացքում Միհրան Աղաջանյանը մտաբերեց իր կարիերայի համար որոշիչ մեկ-երկու դրվագներ. 2015-ին մասնակցել է Քովեն Գարդեն օպերայում լսումների, նրան առաջարկել են հանդես գալ 3 թատրոններից մեկում՝ իր ընտրությամբ, այդ թատրոններն էին Մետրոպոլիտենը, Չիկագոյի եւ Դոմինգոյի օպերային թատրոնները: Տենորն ընտրել է Լոս Անջելեսում գտնվող Դոմինգոյի օպերային թատրոնը. «Մասնակցեցի երիտասարդական ծրագրի դասերին: Մինչ Լոս Անջելես մեկնելը պայմանագիր ստորագրեցի Ժնեւի թատրոնի հետ՝ հանդես գալու Ռուդոլֆի (Պուչինի՝ «Բոհեմ»), Դեմոյի (Կավալլի՝ «Իլ Ջազոնե») եւ Կարլ 7-րդ թագավորի (Չայկովսկի՝ «Ժաննա դԱրկ») դերերգերով: Այդ ընթացքում պետք է հասցնեի ներկայանալ նաեւ Գերգիեւի մոտ լսումների… Մի խոսքով՝ նման գերծանրաբեռնված գրաֆիկ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
12.10.2018