Ընկերոջս հետ այգում զրուցում էինք, երբ 16-17 տարեկան չորս-հինգ երիտասարդ, ձեռքի հեռախոսի երաժշտության ուղեկցությամբ, եկան, նստեցին կողքի նստարանին եւ շարունակեցին իրենց բարձրաձայն զրույցը: Որքան էլ զարմանալի էր, երիտասարդների զրույցը Սովետի ժամանակների մասին էր եւ մի քանի րոպե անց, մենք, որ մի ականջով լսում էինք նրանց ու շարունակում մեր զրույցը, լռեցինք ու սկսեցինք նրանց լսել: Իրար ընդհատելով՝ նրանք ասում էին, որ իրենց ծնողները, նաեւ՝ տատերն ու պապերը Սովետի ժամանակ կարգին աշխատավարձ են ստացել, որ այդ մեծ երկրում խիստ կարգապահություն է եղել, իրենք էլ ստացած աշխատավարձով կարգին ապրել են, որ գողություն չի եղել, կաշառք չի եղել… Երիտասարդները խոսում էին ոգեւորված, բայց առանց գոռգոռալու, իրենց ասածի վրա վստահ, միմյանց ուշադիր լսելով, երբեմն ժպտալով եւ լրացնող բառեր ու նախադասություններ ավելացնելով…
Չնայած, որ երբեմն բոլորս լսում ենք ինչ-ինչ մտքեր սովետի մասին, բայց այս անգամ մենք նայեցինք իրար ու չգիտեինք ինչ ասել: Ընկերս ժպտաց, ասաց, որ երիտասարդները մեղավոր չեն, նրանք չեն կարդացել, չգիտեն, թե իրականում ինչ է եղել Սովետը, որովհետեւ ոչ մեր կինոն, ոչ մեր թատրոնները երբեւէ էկրանին կամ բեմերում ցույց չեն տվել իսկական Սովետը, որ երիտասարդներն իմանային: Իսկ հիմա նրանք պետք է իմանան այդ ժամանակների մասին եւ իմանան ոչ թե մատնությունների կամ սահմռկեցուցիչ տանջանքների տեսարաններ դիտելով, այլ ուրիշ կերպ…
Իհարկե, 1980-90 ականների սերունդը չգիտե, կամ՝ խորությամբ չգիտե կատարվածը եւ այսօր նրան պետք է ցույց տալ ոչ թե դաժան տեսարաններ, այլ հոգեբանական ծանր այն ապրումները, որ կրել են «անմեղ-մեղավոր» պատժվածները, ցույց տալ պատժողներին, պետք է ցույց տալ նաեւ այնպիսի մարդկանց, որոնք շահի, պաշտոնի ու հեղինակություն ձեռք բերելու համար մարդկանց աքսորի եւ մահվան ճանապարհին են կանգնեցրել: Ծանր, շատ ծանր ժամանակներ են եղել, ինչպիսին միշտ էլ կարող են լինել: Սակայն խնդիրն այն է, որ այսօրվա երիտասարդին այդ բաները ցույց տալու հետ միասին այնպիսի ոգի պետք է ներշնչել, որ նրանք այդպիսի դեպքերում կարողանան ամուր մնալ եւ չծախեն իրենց խիղճն ու ազնվությունը: Իսկ այդպիսի ոգի ներշնչելու համար թատրոնից եւ կինոյից ավելի հզոր միջոց չկա: Արվեստի ոչ մի ժանր չունի այն հզորությունը, որն ունի հատկապես թատերարվեստը: Դերասանը կարող է երկու, երկու եւ կես ժամում հանդիսատեսի հոգեւոր աշխարհը տակնուվրա անել եւ այնպես փոխել նրան դեպի լավը, որ նա լինի բոլորովին այլ մեկը: Ինչ վերաբերում է երիտասարդ հանդիսատեսին, նա ավելի զգայուն է: Այսօրվա երիտասարդությունը չգիտի կամ՝ վատ գիտի, թե ինչ է եղել այդ ոչ այնքան հեռու ժամանակում. երբ առավոտյան վեր էինք կենում ու տեսնում, որ աջ կամ ձախ տներից մեկում տան տղամարդը չկա, կամ՝ երկուսը չկան, կամ՝ ամբողջ մի ընտանիք չկա:
Այսօր Սովետի ժամանակների մասին սահմռկեցուցիչ տեսարաններով չպետք է խոսել երիտասարդ հանդիսատեսի հետ: Այսօր սարսափի կամ կտտանքների պատկերներից գուցե առավել ազդեցիկ են հոգեւոր աշխարհների կործանումները ցույց տալը, կործանումներ, որոնք մարդկանց դարձնում էին չար եւ միմյանց օգնության ձեռք չմեկնող:
Ինչո՞ւ մենք գեղարվեստական գործերով չենք ուզում ոգեւորել այսօրվա երիտասարդներին: Ինչու մեր էկրաններին եւ բեմերում Սասունի հերոսները չկան կամ՝ մեր պատմության եւ գրականության մեծերը: Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Րաֆֆին ու Թումանյանը հեշտ ու հանգիստ չեն ստեղծել մեր ժողովրդի համար իրենց անգնահատելի գործերը: Ինչո՞ւ մեր բեմերում եւ էկրաններին չկան այդ նշանավոր՝ բռունցքի ու մտքի մարդիկ, չէ՞ որ ֆիզիկական ուժն առանց հոգեւորի չի կարող լիարժեք հաղթանակի հասնել: Սովետի մասին մտորելիս մի պատմություն հիշեցի, որ լսել եմ մի զրպարտչի որդուց, որն արդեն յոթանասունն անց էր եւ հուզմունքով պատմում էր իր հոր՝ Ստալինի ժամանակներում կատարած հանցանքի մասին, որի համար հայրը, իր արածից տանջվելով, տարիներ անց, մի քանի անգամ ծնկի էր եկել եւ ներում խնդրել իր ձեռքով պատժվածից եւ պատժվածն էլ մեծ դժվարությամբ ներել էր նրան: Նույնիսկ, երբ մատնության զոհը լսել է, որ իր դահիճը ծանր հիվանդ է եւ խնդրել է իրեն վերջին անգամ տեսնել, գնացել է: Հանցագործի որդին լաց եղավ ասելով, որ զոհը, իր կնոջն ու երկու որդիներին էլ (ոչ այն երկուսին, որոնք մահացել էին աքսորի ճանապարհին, այլ հետո՝ աքսորում ծնվածներին) հետն էր բերել, ասաց, որ իրենց դռան առաջ ամբողջ գյուղն էր հավաքվել, որովհետեւ իմացել էին, որ զոհը գալու է իր դահճին ներելու… Այդպիսի բաներ էլ են եղել, գրականություն ու ներկայացում դարձած նման պատմությունները մեծ լիցք են հաղորդում ընթերցողին, դահլիճում նստածներին, կոփում կամքը, հարստացնում հոգին:
Այսօր արդյոք ճի՞շտ ենք դաստիարակում մեր երիտասարդներին, պատանիներին ու երեխաներին այնպես, ինչպես ուզում ենք: Մեր բեմերում, էկրաններին ու հեռուստաէկրաններին ցուցադրվող շատ ու շատ գեղարվեստական գործերին ու զվարճացնող հաղորդաշարերին նայելով, դժվար թե համաձայնվենք՝ այո ասել: Արդյոք մի քիչ ավելի հանգիստ չե՞նք, մեր երիտասարդության վաղվա օրվա համար՝ տեսնելով նրանցից շատերի վարքն ու հոգեւոր աշխարհը, լսելով նրանց խոսելակերպը, սերիալների վայ- հերոսներին նմանակելու ձգտումները: Արդյոք մի քիչ ավելի հանգիստ չե՞նք մեր հեռուստաէկրաններից, ֆիլմերից ու բեմերից լսվող հայոց լեզվի համար:
Արդյո՞ք մեր Ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտներն անհրաժեշտ ուշադրություն դարձնում են մեր մշակութային աշխարհի վրա եւ հարկ եղած դեպքում մեզ զգուշացումներ ու դիտողություններ անում են, կամ ուղղություններ ցույց տալիս են, կամ՝ քննադատական խոսք ասում: Արդյոք մեր գրականագետներն ու լեզվաբանները երբեմն լսում են, թե ինչ լեզվով են խոսում մեր պատգամավորները, հեռուստատեսությամբ ելույթ ունեցողները, ինչ են հաճախ գրում լրագրողները: Իհարկե, լսում են, կարդում, մտորում, բայց՝ լռում են:
Օրինակ, ամեն օր լսում ենք եւ խորհրդարանում, եւ հեռուստահաղորդումներում կամ էլ՝ կարդում լրագրերում՝ ցանկացած սրիկա, ցանկացած կաշառակեր, ցանկացած անբարոյական, ցանկացած մանկապիղծ, ցանկացած խարդախ եւ այլն: Զարմանալի է, այդ երբվանի՞ց այս անձերը դարձան ցանկացած… չէ՞ որ հայերենով նրանք ընդամենը «յուրաքանչյուր» են:
Մենք նոր Հայաստան ստեղծեցինք, ուրախացանք, ուրախացան նաեւ մեզ բարին ցանկացող շատ երկրներ, բայց մենք չպե՞տք է մտածենք այդ ստեղծածի միջուկն ամրապնդելու մասին: Այդ միջուկն էլ մենք չե՞նք, հոգեւորը մենք չե՞նք, մեր կողքին էլ՝ մեր երիտասարդները, պատանիներն ու մանուկները չե՞ն: Վաղուց գիտենք, որ մեր մշակույթը ծանր օրեր է ապրում, բայց, չգիտես ինչու, չենք ուզում բարձրաձայնել, վախենո՞ւմ ենք, գլուխներս «ցավի տակ» չենք դնում: «Գլուխներս ցավի տակ չդնելը» վախի նշան է: Այո, հենց՝ վախի, որովհետեւ մեր թատրոնները լավ գիտեին, թե ինչ էր կատարվում երկրում (խաբեություն, կաշառք, ամենաթողություն եւ դրանք կատարողներից մի մասին էլ ճանաչում էին), բայց այդ թեմաներով ոչ մի ներկայացում չբեմադրվեց: Եթե մեզ դաստիարակողը մշակույթն է, մշակույթն էլ դժվարին օրեր է ապրում, ուրեմն՝ մշակույթին էլ օգնողներ են պետք, որ ոտքի կանգնի ու ինքն էլ մեզ դաստիարակի: Ինչո՞ւ անկեղծ զրույցի, քննարկման չհրավիրենք նշանավոր գիտնականների, արվեստագետների, գրականագետների, գրողների: Այդ հանդիպման նախաձեռնողը հենց կարող է մշակույթի նախարարությունն իր վրա վերցնել, գուցե հնչած առաջարկներն օգնեն ավելի լավ համակարգել ոլորտը եւ մթնոլորտ փոխել:
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ
դրամատուրգ, արձակագիր
«Առավոտ»
12.10.2018