Մինչ Երևանում ընթանում էին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի 1-ին օրվա աշխատանքները, Սևանը հյուրընկալում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ:
Հագեցած և բազմաշերտ օրակարգը հնարավորություն տվեց, որպեսզի ֆրանսիացի գործընկերները ոչ միայն տեղում ծանոթանան 14-ամյա ապակենտրոնացված համագործակցության ընթացքում իրականացված նշանակալի ծրագրերին, այլ նաև վայելեն Սևանի զբոսաշրջային գրավչությունները:
Աղուհաց, հայկական երաժշտություն ու շուրջպար. պատվավոր հյուրերին դիմավորելուց առաջ տեղի է ունենում ընդունված արարողակարգը:
«Չնայած ընդամենը մի քանի ժամ եմ այստեղ, սակայն անչափ տպավորված եմ: Ձեր լեռների երկիրն ինձ շատ դուր եկավ: Ողջ աշխարհի ուշադրությունն այսօր բևեռված է Հայաստանի վրա, իհարկե, դա նաև Շառլ Ազնավուրի շնորհիվ է, որին հրաժեշտ տվեցինք մի քանի օր առաջ»,- հանդիպման սկզբում նշեց Գրենոբլի քաղաքապետը:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով սպասված հյուրերին, անդրադարձավ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, շեշտեց դրա կարևորությունը, ինչպես նաև այդ շրջանակներում Գրենոբլի պատվիրակության այցը:
«Փոխհամագործակցությունը, որ արդեն 14-ամյա ճանապարհ է անցել, գնահատում ենք բարձր ու կայացած: Երկու քաղաքների համագործակցությանը միտված ծրագրերն ի սկզբանե ունեցել են կոնկրետ նպատակներ` աջակցել տնտեսության զարգացմանը` արժևորելով տեղական ռեսուրսները, մասնավորապես` զբոսաշրջությունը, նպաստել հասարակական-մշակութային կյանքի զարգացմանը` խթանելով արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելը, բարելավել տեղական հանրային ծառայությունները` առողջապահությունը, հայ իրականության մեջ ներմուծել ֆրանկոֆոն մշակութային արժեքները: Ֆրանսիան հայ ժողովրդի լավագույն բարեկամն է, այս համագործակցությունն էլ դրա վավերագիրն է»,- ասաց պարոն Մուրադյանը:
Գրենոբլի քաղաքապետ Պիոլը հանդիպման ընթացքում կարևորեց հայ համայնքի դերը: Պաշտոնական տվյալներով Գրենոբլում բնակվում է 3500 հայ: Շուրջ 35 տարի գործում է հայ մշակույթի տունը, որը ինքնատիպ կամուրջ է հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու քաղաքների տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկություններին, համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերին:
«Այսօրվա հանդիպումն անցածն ի մի բերելու և նոր էջ բացելու լավագույն հնարավորություն է: Եղած մտքերն ու գաղափարները փորձելու ենք դարձնել կոնկրետ գործ»,- նշեց պարոն Պիոլը:
Սևան համայնքի ղեկավար Մուրադյանն էլ հավաստիացրեց, որ ակնհայտ են արդյունքները, իրականացված մեծամասշտաբ աշխատանքը:
«Այս հանդիպումն էլ ևս մեկ ազդակ է, որ նույն հարթակի վրա պետք չէ մնալ, անհրաժեշտ է առաջ շարժվել, որդեգրել նոր մոտեցումներ` հիմնված համագործակցային նոր չափանիշների վրա` ի շահ հայ-ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության, ի բարօրություն Սևան և Գրենոբլ քաղաքների բնակիչների»,- հավելեց պարոն Մուրադյանը:
Պաշտոնական այցի երկրորդ օրը գործընկերները շրջայց կատարեցին քաղաքում, այցելեցին այն հաստատություններ և կազմակերպություններ, որտեղ իրականացվել են ծրագրեր:
Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզում արևային ջրատաքացուցիչի տեղադրմանը զուգահեռ հիմնանորոգվել է բուժկետը, բազմագործառութային քոլեջում /նախկին` պետական քոլեջ և արհեստագործական ուսումնարան/ հիմնվել են էլեկտրատեխնիկական, ռոբոտատեխնիկային վերաբերող լաբորատորիա, անցկացվում է վերականգնվող էներգիային վերաբերող դասավանդման մոդուլ, Սևանի բժշկական կենտրոնը հագեցել է անհրաժեշտ բուժսարքավորումներով: Զբոսաշրջային գործի բարելավման նպատակով էլ արդեն մի քանի տարի գործում է տեղեկատվական շարժական գրասենյակը:
Այցի հասցեներում ծանոթությունը համատեղվում էր նախնական պայմանավորվածություններով, նոր ծրագրերի ուրվագծումներով:
Հյուրերին սպասվում էր նաև համերգային ծրագիր, որը ներկայացրին ֆրանսերենի ուսուցման ամառային դպրոցի այս տարվա ունկնդիրները:
Սա ևս ֆրանկոֆոն ընտանիքին ներգրավված լինելու լավագույն վկայություններից մեկն էր, որը ֆրանսիացիներին մեծ բավականություն և հիացմունք պատճառեց:
Գրենոբլի պատվիրակությունը այցելեց նաև «Բոհեմ» արվեստանոց-թեյարան, ծանոթացավ համագործակցային մի քանի ծրագրերի:
Առաջիկա ծրագրերի մասին երկու քաղաքների 1-ին դեմքերը ձեռք բերեցին պայմանավորվածություններ:
Հրաժեշտից առաջ Գրենոբլի քաղաքապետն իր խորին շնորհակալությունը հայտնեց ընդունելության և հյուրընկալության համար, որից այնքան տպավորված էր, ինչպես նաև Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին հրավիրեց Գրենոբլ` ի նշան իրենց համագործակցության:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը վստահեցրեց, որ հանդիպումը չի ուշանա, իսկ Սևան-Գրենոբլ համագործակցությունն էլ հավակնում է դառնալ լավագույն օրինակ արդյունավետ և նպատակասլաց գործընկերության:
Հավելենք, որ Գրենոբլի պատվիրակության կազմում էին կաբինետի տնօրեն Օդիլ Բարնոլայը, միջազգային բաժնի տնօրեն Էրիկ Ռեքուրան, հայ համայնքի ներկայացուցիչներ, Գրենոբլի հայկական մշակույթի տան նախագահ Պասկալ Բաբախյանը, մշակույթի տան հոգաբարձուների խորհրդի անդամ, տեղեկատվության հարցերով պատասխանատու Բեդոս Ագոբյանը, Գրեգուար Ատամյանը և Սիրանուշ Խաչատրյանը:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
Սեւան