Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործի կատարմամբ տրվեց կոմպոզիտորի երաժշտության 3-րդ փառատոնի մեկնարկը: Բացման համերգին հոկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Երեկոյի ընթացքում, բացի վերոնշյալ ստեղծագործությունից, նվագախումբը ներկայացրեց «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները:
Վահրամ Բաբայանը մեծ ոգևորությամբ ընդունեց Կամերային նվագախմբի կատարումները՝ յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո հոտնկայս ծափահարելով կոլեկտիվին:
Կոմպոզիտորը փաստում է՝ իր երաժշտությանը նվիրված առաջին փառատոնը Հայաստանում կազմակերպվել է 1998 թվականին, երկրորդը՝ 2005-ին: Առանձին փառատոն կազմակերպվել է նաև Ֆրանսիայում՝ 2014 թվականին: Այս տարի անցկացվող հայաստանյան երրորդ փառատոնը ներառելու է չորս համերգ:
Անդրադառնալով Կամերային նվագախմբի հետ համագործակցությանը՝ Վահրամ Բաբայանը ընդգծում է՝ կոլեկտիվն ու Վահան Մարտիրոսյանը հասցրել են ներկայացնել իր գործերը: Երկկողմ համագործակցությունը շատ դրական ու բարձր է գնահատում:
Նշենք, որ Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ:
Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում:
Մամուլի հաղորդագրություն