Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները: Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:
Ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից:
Վերջիններս ներկայացրեցին իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց Այգում՝ տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ:
Կենդանաբանական այգին, իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները, մշտապես համագործակցել է տարբեր ուսումնական հաստատություններին: Այս անգամ ևս, նախնական պայմանավորվածության համաձայն, ամիսներ շարունակ, գեղարվեստի վերոնշյալ քոլեջների սաներն անվճար այցելում էին այգի և ստեղծագործում այնտեղ:
Օրն սկսվեց կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկարչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով:
Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները: Կարծես իրոք մի լուսավոր արև էր իջել երևանցիների սիրած անկյունում՝ Կենդանաբանական այգում:
Կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրություն