Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը նախկին քաղաքապետեր ներկա չէին:
Նշենք՝ ավանդաբար քաղաքապետերի երդման արարողությունն անցկացվում է նույն կարգով, որին հրավիրվում են բազմաթիվ հյուրեր` նախկին եւ ներկա պաշտոնյաներ:
1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատրյանը Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Aravot.am-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը մանրամասնեց. «Հրավեր չի եղել: Որևէ պաշտոնական տեղեկատվություն հրավերի մասին չի եղել: Չեմ կարծում` դա հատուկ է արվել, բայց թե ինչու, այդ հարցի պատասխանը պետք է իրենցից ճշտել»:
Հետաքրքրվեցինք՝ ժամանակին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ իրեն հրավիրե՞լ էին, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Կարծում եմ՝ ես այդ ցուցակից վաղուց հանված եմ: 2000-2001-ից հանված եմ այդ ցուցակից, որ հրավիրվեմ պաշտոնական միջոցառումների Երևանի քաղաքային իշխանությունների կողմից: Փոխարենը, երբ այս տարի ԱԺ-ում 100-ամյակի հետ կապված միջոցառում կազմակերպվեց, ԱԺ համապատասխան ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացրել էր ինձ: Իրենք, համենայն դեպս, բոլոր արարողակարգային կանոնները պահպանում էին և′ զանգելով, և′ նաև փոստի միջոցով տեղեկացրել էին, որ միջոցառումներ կան: Մի անգամ էլ նորից հրավեր ուղարկեցին, ես պատասխանեցի, որ չեմ մասնակցի, քանի որ հրավերում նշված էր՝ ներկա չլինելու դեպքում տեղեկացնել»:
1998-1999-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սուրեն Աբրահամյանը ևս Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, ոնց պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել»:
Սուրեն Աբրահամյանն ասաց՝ իր հրաժարականից հետո, երբ իշխանությունների թեթև ձեռքով դարձավ արմատական ընդդիմություն, ինչպես մենք ենք ասում, քսան տարի ոչ մի կարգի միջոցառումների իրեն չեն հրավիրել. «Կլինի երկրի անկախության նվիրված օր, Երևանի քաղաքապետարանից ընդհանրապես ոչ մի միջոցառման չեն հրավիրել. վախենում էին՝ հաշվի առնելով Քոչարյանի, իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Ինձ ու Վահագն Խաչատրյանին չէին հրավիրում»:
Մինչ մեկնաբանելը, թե ինչու է ստացվել այնպես, որ այս իշխանությունների օրոք ևս չեն հրավիրել, Սուրեն Աբրահամյանը սրտանց շնորհավորեց Հայկ Մարությանին՝ վստահեցնելով՝ խանդով չի վերաբերվում և ցանկանում է միայն հաջողություններ. «Քաղաքապետի հետ կապված միշտ ասել եմ, որ Երևանի քաղաքապետը, եթե ուրիշ ոչ մի բան չունենա, երկու կարևոր հատկություն պետք է ունենա՝ քաղաքը շատ սիրի և չէ ասելու տղամարդու հատկություն ունենա. չի կարելի և վերջ, եթե դրանից ավելի շատ կարողացավ, ավելի լավ: Քաղաքային տնտեսությունը ահավոր բարդ համակարգ, եթե կարողացավ հնարավորինս շուտ այդ ամենը հասկանալ, շատ ավելի լավ»:
Ըստ Սուրեն Աբրահամյանի՝ երևի կամ նախկին իշխանություններն են, որոնք մնացել են դեռ և նրանք են կազմել այդ ցուցակները, կամ էլ իներցիայով ինչ որ նախկինում գրված է եղել, այդ ցուցակն էլ թողել են. «Ես համոզված եմ, որ ներկա իշխանությունները նման բան չէին անի, էն էլ իմ նկատմամբ. դա միանշանակ էր, ես կասկած անգամ չունեմ: Ուղղակի կամ տեխնիկական վրիպակի հետ է կապված, կամ էլ նախկին իշխանությունների կողմից դիտավորություն ասեմ, ինչ ասեմ: Մեր այս քաղաքապետը, այն էլ նման կարգի շռնդալից ընտրվելուց հետո, ինձնից ընդհանրապես վախենալու խնդիր չուներ: Մնացածներին էլ, թե ինչու չեն կանչել, հասկանալի էր. ես ու Վահագը երևի պիտի գնայինք, էլ ո՞վ պիտի գնար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ