ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։
2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ ժամը 16:20-ի սահմաններում, զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով զգալի չափի` 15.100 ՀՀ դրամ կանխիկ գումար՝զինված անձը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան։
Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1997 թ.։ Վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Կասկածյալը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե