Լրահոս
Օրվա լրահոսը

Այդտեղ վարչապետի վստահության հարց չկա. Լենա Նազարյանի անելիքն այլ է եղել. Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 14,2018 14:47

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքները և ՀՀ-ին առնչվող հարցերը Aravot.am-ի հետ զրույցում ամփոփեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

-ԵԽԽՎ ընդունած բանաձևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա  ուղղակիորեն կազդի՞, թե՞ դա կնպաստի Արցախի ժողովրդավարացմանը: Հայտնի է, որ Արցախում ժողովրդավարության վիճակը ավելի վատ է, քան Հայաստանում, քանի որ միջազգային դոնոր կազմակերպությունները քիչ գրանտներ են տալիս և այնտեղ քաղաքացիական հասարակությունը թույլ է զարգացած: Հետևաբար, ԵԽԽՎ ընդունած բանաձևը կնպաստի՞ նրան, որ Արցախը կհայտնվի ԵԽի և ՄԱԿի համապատասխան մարմինների մշտադիտարկման ներքո, ինչի շնորհիվ Արցախի իշխանությունները ավելի զգոն կլինեն, մարդու իրավունքների ոլորտում այդ կառույցների հայտնաբերած թերությունները կշտկե՞ն և ժողովրդավարության մակարդակը ավելի կբարձրանա՞:

-Նմանատիպ բանաձևերը վաղուց Արցախի խնդրի կարգավորման վրա չեն ազդում: Բայց այս բանաձևը կարող է ազդել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության  բարձրացմանը կապված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքերի հետ: Երբ Ադրբեջանը հարձակում է գործում խաղաղ գյուղացիների, քաղաքացիական անձանց վրա, սպանում, գլխատում զինվորներին, այս դեպքերում մենք մոնիտորինգի մեխանիզմներ կարող ենք ունենալ, որը կարձանագրի այս խախտումներն արդեն միջազգային մակարդակում և Ադրբեջանի պատասխանատվության հարցը կբարձրացվի: Հիմա, բնականաբար, մարդու իրավունքների մարմինները գոնե կարող են այս բանաձևի լույսի ներքո այցելել և մոնիտորինգ իրականացնել, արձանագրել այդ խախտումները և բարձրացնել համապատասխան պատասխանատվության հարց:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն, ըստ էության, ոչ ոքի չի ներկայացնում: Արդարացվա՞ծ է վարչապետի տեսակետը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչները վերջին բանաձևի ընդունումը ներկայացրին որպես այս տեսակետի հակափաստարկ: Դու՞ք ինչ հակափաստարկ կներկայացնեք:

-Այդ հայտարարություն  այլ համատեքստում է արվել. խոսքը խորհրդարանական նոր ընտրություններով նոր պատվիրակություն ունենալու մասին է և այն համատեքստում չէ, ինչ մենք այստեղ աշխատում ենք:

-ԵԽԽՎ–ին կոչ արեցիք սատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում, ի՞նչ արձագանք ստացավ Ձեր կոչը:

-Արձագանքը մոնիտորինգի հանձնաժողովի այցն է: Գիտեք, որ մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան, կուսումնասիրեն տեղում իրավիճակը, կհանդիպեն բոլոր կողմերին և եզրակացություն կներկայացնեն: Ամեն դեպքում մեզ հետ կապված հասկացվածություն կա, քանի որ ես շատ օբյեկտիվ, մանրամասն ներկայացրել եմ թե′ ելույթով, թե′ ելույթից դուրս՝ ինչ իրավիճակ է Հայաստանում և որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են հեղափոխության վերջնական հանգրվանին հասնելու և կայունություն ունենալու համար և ժողովրդավարական բարեփոխումներ սկսելու համար:

-Պարոն Մարուքյան, Ստրասբուրգում հանդիպե՞լ եք Լենա Նազարյանին, տեղյակ եք` ո՞րն էր նրա այցի նպատակը, քանի որ այցը տարբեր կերպ մեկնաբանվեց ընդհուպ մինչև այն, որ այս այցը վկայում է այն մասին, որ վարչապետ Փաշինյանը կարծես չի վստահում Ձեզ:

-Այո, հանդիպել եմ, տեղեկություններ ենք փոխանակել իրար հետ,   ինֆորմացիա կիսել՝ ինքն ում է հանդիպել, ես ում եմ հանդիպել, որ համակարգված այդ աշխատանքը առաջ գնա, տեղեկությունը փոխանցվի համապատասխան մարմիններին ու մարդկանց:

-Պարոն Մարուքյան, իսկ հարցի՝ վստահության հետ կապված հատվածի մասի՞ն ինչ կասեք:

-Լենա Նազարյանը  որպես ՔՊ ներկայացուցիչ է եկել հանդիպումներ ունենալու, ոչ թե որպես ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ: Ես ներկայացնում եմ ԵԼՔ  խմբակցությունը: Գնալուց առաջ էլ վարչապետի հետ խոսել ենք, թե ինչ պետք է արվի այստեղ: Ես իմ անելիքներն արել եմ: Լենայի անելիքն այլ է եղել ու իրենց կուսակցության հետ է կապված, ոչ թե այլ հարցերի: Հետևաբար` իրենք են ներկայացնում իրենց կուսակցությունը, ոչ թե ես: Այդտեղ վստահության հարց չկա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Որքան շուտ Է.Մարուքյանն ընդունի, որ Ելք կոչվածն ընդամենը վերջին օրերն է ապրում և ԼՀԿ-ն ու «Հանրապետություն»-ը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ներկայանան որպես ընդդիմադիր ուժ, այնքան դա օգուտ կտա իրեն՝ ապահովելով գուցե 2-րդ տեղը ԱԺ-ում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031