Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի Լիգայի երրորդ տուրում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն: Մեր թիմի խաղը ակնհայտորեն չստացվեց, թեեւ գնդակին տիրելու եւ տարածքային առավելությունը Հայաստանի կողմն էր: Բանը հասավ այնտեղ, որ հանդիպման վերջնամասում տրիբունաներում տեղ զբաղեցրած հիասթափված ֆուտբոլասերները վանկարկում էին «Ամոթ-ամոթ»:
Հետխաղային մամուլի ասուլիսում մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց. «Սա դաժան պատմություն էր: Պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Ինքներդ տեսաք, որ տղաները գոլային պահեր շատ ստեղծեցին, սակայն չկարողացան օգտագործել»:
Մարզիչը համաձայնեց դիտարկմանը, որ ֆուտբոլիստների մոտ վերջին՝ գոլային փոխանցումը եւ իրացումն էր պակասում: Պարոն Գյուլբուդաղյանցը նշեց, որ Յուրա Մովսիսյանը դեռ այն մարզավիճակում չէ եւ որ ավելի կարեւոր է՝ խաղային պրակտիկան է պակասում: Նա այդ բացը պետք է լրացնի հավաքականում:
Հարցին, թե ըստ ամենայնի մենք Ազգերի Լիգայում այլեւս անելիք չունենք եւ ֆեդերացիայի հետ ստորագրած պայմանագրի համաձայն մինչեւ 2020 թվականն ի՞նչ է մտադիր անել, մասնագետը հակադարձեց. «Ինչ ասել է՝ այլեւս անելիք չունենք: Տեսականորեն շանսեր կան, դրա համար կպայքարենք մինչեւ վերջ: Իսկ իմ մնալ-չմնալու հարցը կորոշեն ֆեդերացիայի ղեկավարները: Այդ ընթացքում կաշխատեմ իմ գիտելիքները, փորձը, եռանդը փոխանցել հավաքականի ֆուտբոլիստներին: Թե ինչքանով կհաջողվի, ասել չեմ կարող:
Aravot.am-ի հարցին՝ արժանապատիվ խաղ ցուցադրել, այնուամենայնիվ, ստացվե՞ց, Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանեց. «Կրկնում եմ, տղաները փորձեցին մինչեւ վերջ: Իրական գոլային մոտ յոթ-ութ պահ ունեցանք մինչեւ 11 մետրանոց կասկածելի հարվածը: Դրանից հետո վտանգավոր պահեր արդեն չեմ հիշում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
նկատի ունենալով նորանոր նշանակումները – այս ոլորտում եւս – բարձրաստիճան պաշտօններում, այս… դո՛ւխի պակասը իրոք անհասկնալի է…
lol
8-9 խաղացողներով անհնար է 11 խաղացողների դեմ պայքարել,եթե նույնիսկ դա ջիբրալթարի հավաքականն է:Հենրիկ Մխիթարյանը մենակ պետք է հաղթեր,սակայն վերջին խաղերում նա հավաքականում չի երևում,կամ գուցէ չի ոզում երևալ…