Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը այսօր Գյումրիից մասնակցել է միայն Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Նրանք միասին բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, այդ թվում և բարեգործական։
Հայկ Մարությանը միշտ կանգնած է եղել Գյումրիում կազմակերպվող նախաձեռնությունների կողքին, հիշեցնենք՝ նա առաջիններից էր, որն իր անձնական միջոցներից 500 հազար դրամ հատկացրեց «Սօս» թիմի՝ գյումրեցի 13 անօթևան ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու նախաձեռնությանը։
Մասնակցելով Գյումրու ամենաաղքատ թաղամասում՝ «Ֆանտաններում» գտնվող տնակներից մեկի բակում Տիգրան Համասյանի տված բարեգործական համերգին ու լուսանկար հրապարակելով թշվառ տեսարանից՝ Հայկ Մարությանը մյուսներին ևս հորդորեց հետևել իր օրինակին։
Նա մասնակցել է նաև Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին, որը ստեղծվել է անցած տարի՝ անօթևան դերասաններին բնակարաններով ապահովելու ու թատրոնին անհրաժեշտ այլ՝ վերանորոգման, դերասանների վերապատրաստման հարցեր լուծելու նպատակով։
Երևանի քաղաքապետի երդմնակալությանը հրավիրված եղել է նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ նա վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել, սակայն Հայկ Մարությանին շնորհավորել ու իր բարեմաղթանքներ է փոխանցել հեռախոսազանգով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ