Հայաստանն անարխիայի մեջ է, որը սովորաբար ընկալվում է որպես իշխանության բացակայության հետևանքով առաջացած անօրինության կամ քաղաքական խառնաշփոթի միջավայր: Հայաստանի ինստիտուցիոնալ մասնատումը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ Եվրոպայի և Կովկասի համար: Այս մասին Washington Times պարբերականում գրել է Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետքարտուղարության նախկին փոխխոսնակ Ադամ Էրելին «Անարխիա Հայաստանում» խորագրով հոդվածում: Հեղինակի խոսքով՝ ինքը՝ որպես Ուկրաինայում տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության», ինչպես նաև Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների ականատես, զգոն է վերաբերում Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել 2018թ. մայիսի 8-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում 250.000 աջակիցներ մոբիլիզացնելու և համազգային գործադուլ անցկացնելու սպառնալիքների միջոցով:
«Պաշտոնը ստանձնելուց հետո ինքնահռչակ «ժողովրդի թեկնածուն» սկսել է համակարգված կերպով կազմաքանդել Հայաստանի կառավարական ինստիտուտները»,-գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել է, որ Հայաստանում այլևս չկա կոալիցիոն կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն, իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Հեղինակի խոսքով՝ Փաշինյանի համար փողոցը դարձել է նախընտրելի գործիք՝ հաշվետու լինելու և իրավունքի հաստատման համար, իսկ նրա թիրախում հայտնվել են պետական մարմինները, արդարադատության համակարգը և խորհրդարանը: Էրելին նաև գրում է, որ Հայաստանի գործող վարչապետն անօրինական է հռչակել նախկինում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և խոստացել տարվա ընթացքում նոր ընտրություններ անցկացնել:
Կարդացեք նաև
Հոդվածագրի կարծիքով՝ Փաշինյանը թիրախավորել է նաև Հայաստանի արդարադատության համակարգը, ինչպես նաև կոռումպացրել է անվտանգության ծառայություններն ու դատարանները՝ մաֆիայի ոճով քաղաքական վենդետաներ իրականացնելու համար: Էրելին որպես օրինակ բերում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբեր Քոչարյանի կալանավորումը, վերջինիս օրոք պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշումը: Հեղինակը նաև նկատում է, որ Հայաստանի գործող վարչապետն իր հակառակորդներով սկսել է զբաղվել պաշտոնը ստանձնելուց ընդամենը երեք ամիս անց: Ի պատասխան քննադատների՝ Փաշինյանն ասում է, որ տոտալ պատերազմ է սկսել կոռուպցիայի դեմ:
Հոդվածում հիշատակվում է նաև Ազգային անվտանգության ծառայության ու Հատուկ քննչական ծառայության ղեկավարների գաղտնալսված հեռախոսազանգը: Հոդվածագիրը, հղում անելով Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի ասոցացված անդամին, կասկածի տակ է առնում, որ Հայաստանի արդարադատության ներկայիս հակամարգը կկարողանա Քոչարյանի համար ապահովել դատական արդար գործընթաց:
«Թափանցիկությունը, հաշվետու լինելու պրակտիկան, օրենքի գերակայությունը վտանգի տակ են գտնվում Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ երկրներից գրեթե յուրաքանչյուրում: Նիկոլ Փաշինյանը այժմ հպարտորեն կարող է իր տեղը զբաղեցնել նախագահ Վիկտոր Օրբանի (Հունգարիա), վարչապետ Անդրեյ Բիբիշի (Չեխիա), վարչապետ Էդի Ռամայի (Ալբանիա), նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին՝ որպես մի առաջնորդ, որը պետական ինստիտուտները հարմարեցնում է իր կամքին»,-գրում է հոդվածի հեղինակը:
Հեղինակի կարծիքով՝ անարխիայի բաղադրատոմսը իշխանությունը փողոցի ձեռքը հանձնելն է, ինչպես նաև պետական ինստիտուտների սիստեմատիկ թուլացումը:
Հոդվածը եզրափակվում է քաղաքագետ Գևորգ Հարությունյանի հետևյալ հարցադրմամբ. «Հիմնական հարցը կայանում է նրանում՝ արդյոք հեղափոխական Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյան: Առայժմ նախանշանները դրական չեն»:
Այդքան դժվար է արդյոք հասկանալ որ սա ավտորիտար, անօրինական իշխանություններից ձերբակալվելու գործընթաց է? Պատմության մեջ իշխանությունը զավթածներին շատ ուրիշ ձևերով են ճամփու դրել, Պորտուգալիայում օրինակ դրել էին նավի վրա ու գրողի ծոցը ուղարկել: Վաշինգտոնում պետք է գոնե փորձեն ավելի շատ խորանալ ու ուղեղները իրենց օգտագործել որ վերջապես հասկանան թե ինչ է տեղի ունենում և ինչու է ճիշտ որ հենց այդպես է տեղի ունենում: