Այսօր Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունն էր, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, Արարատյան թեմի առաջնորդը, ՍԴ ներկա եւ նախկին ղեկավարները, եւ այլ պաշտոնատար անձինք:
Հայկ Մարությանը երդվեց՝ «Ստանձնելով Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը, երդվում եմ՝ Երեւանի քաղաքապետի լիազորություններ իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները: Ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնությանը, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:
Քաղաքապետի լանջաշղթան նրա պարանոցին կախելուց հետո Մարությանը ելույթ ունեցավ, խոստանալով՝վերականգնել եւ մաքրել Երեւանը. «Ես սիրում եմ Երեւանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար: Սիրում եմ նոր ջրված փողոցների թարմ հոտը, աշխատանքի եւ դասի շտապող Երեւանը, ընդմիջման ժամերին քաղցած եւ աշխույժ Երեւանը, աշխատանքից տուն գնալու ժամին հոգնած, բայցեւ գոհ Երեւանը…Եվ այսքանից հետո ով պետք է լինի մարդ, որ դավաճանի այս ամենը…Ես համաձայն եմ այն ամենի հետ, ինչ ասվեց երդման ժամանակ: Սա երդում էր ձեր եւ աստծո առաջ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ