Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Միրաքյան. «Հայաստանում գործարարությամբ զբաղվելը պետք է նորաձեւության նման մի բան լինի»

Հոկտեմբեր 13,2018 17:55

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկեց «Չոր մարքեթինգ» բիզնես կոնֆերանսը: Միջոցառման նպատակը Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսին աջակցելն է: Նախաձեռնության հեղինակներից գործարար, «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ Վահրամ Միրաքյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս միջոցառումը էքսպո+կոնֆերանս ձեւաչափով երրորդ անգամ ենք կազմակերպում, որի գլխավոր իմաստն այն է, որպեսզի տարբեր մարդիկ, որոնք բիզնես են հիմնել եւ հասել են հաջողության, անմիջականորեն իրենք գիտելիքները փոխանցեն սկսնակներին: Սա վերջինների համար ահագին կարճացնում է հաջողության ճանապարհը, պաշտպանում տարբեր խոչընդոտներից եւ ինչպես ցույց է տալիս փորձը, շատերին է օգնում:

Ակադեմիական այն կրթությունը, որ տալիս են բուհերը, հիմնականում տեսական է եւ ոչ բավարար: Իսկ այստեղ կայացած գործարարների եւ երիտասարդների շփումը արդեն գործնական է: Այնպես որ, սա կարելի է սկսնակների համար յուրօրինակ վարպետության դասեր համարել: Այսպիսի ձեւաչափով կոնֆերանսները, երբ հայտնի գործարարը գալիս ու սկսնակներին փոխանցում է իր փորձը, տալիս անչափ օգտական խորհուրդներ, աշխարհում շատ շուտվանից են տարածված ու օգտակար գործողության գործակիցը բավականին մեծ է»:

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ զարգացած ու կայուն տնտեսության հիմքը հենց փոքր եւ միջին բիզնեսն է, որը զարգացած երկրներում կազմում է ընդհանուր առողջ տնտեսության գրեթե 70 տոկոսը: Հակառակ դեպքում տնտեսությունը շատ խոցելի է դառնում: «Հայաստանում այդպես չէ: Այստեղ մեծ բիզնեսն է թելադրողի դերում հանդես գալիս, որից կախվածություն ունեն պետությունն ու մարդիկ: Իսկ երբ փոքր եւ միջին բիզնեսը զարգացած է, այն չի դառնում թելադրող: Դրան ավելացրած՝ լինում է մրցակցություն, ավելի շատ մարդիկ են ներգրավված լինում: Հայաստանում գործարարությամբ զբաղվելը պետք է նորաձեւության նման մի բան լինի: Տեսեք, արտասահմանյան երկրներում բիզնեսմենների մի մասը դառնում է գերաստղ: Տասնյակ հազարավոր երիտասարդներ ցանկանում են նմանվել նրանց, իրենք էլ այդպիսին դառնալ: Իսկ այդ դեպքում մի քանիսն անպայման դառնում է՝ արդար, մաքուր, սեփական քրտինքով, առանց կոռուպցիոն ռիսկերի: Իսկ երբ դառնում են, իրենք էլ են սկսում այդպիսի տնտեսություն կառուցել: Մեր այս նախաձեռնության նպատակներից մեկը հենց սա է»:

Հարցին, թե Հայաստանում քաղաքակիրթ մակարդակի բացակայությամբ մեծ գումարների տիրացած մեծահարուստներին հրավիրո՞ւմ են կոնֆերանս, Վահրամ Միրաքյանը պատասխանեց. «Ոչ, քրեաօլիգարխիկներին չենք ներգրավում: Հո նրանց չե՞նք կանչելու ու ասելու՝ սովորեցրեք, թե ինչպես եք զարտուղի ճանապարհներով հարստացել: Դասախոսություններ կարդալու հրավիրում ենք այն մարդկանց, որոնք սկսել են զրոյից, առանց խնամի-ծանոթ-բարեկամ կամ հովանավոր ունենալու: Մենք ուզում ենք բիզնես սկսելու նոր մշակույթ ձեւավորել Հայաստանում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031