Երեւանի ավագանիում «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է, արդյոք շարունակելո՞ւ է այս խմբակցությունն աշխատել «մեր թիմի դեմը խաղ չկա» սկզբունքով, ինչպես Հայկ Մարությանն ասել էր նախընտրական շրջանում: Այսօր այս մասին Aravot.am-ը հետաքրքրվեց Հայկ Մարությանից՝ քաղաքապետի երդմնակալությունից հետո լրագրողների հետ նրա ճեպազրույցի ժամանակ:
«Այդ ամեն ինչը վերաբերում էր նախընտրական պրոցեսին, եւ այն պրոցեսին, որ կային մարդիկ, որոնք ուզում էին խանգարել բնականոն ընտրություններին, թափանցելիությանը, արդարությանը, ձեռք չէր տալիս, որ այդպես լիներ, ժողովուրդն իր կամքը թելադրեր»,-պատասխանեց քաղաքապետը:
Մեր ճշտող հարցին՝ ավագանիում «Իմ քայլը», լինելով մեծամասնություն, ըստ էության առանց խոչընդոտի կարող է ցանկացած որոշում ընդունել, այնպես, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ էր, արդյոք կձեւավորվի՞ ընդդիմություն, Մարությանը պատասխանեց.«Այո, մեր ֆրակցիան բավականին մեծ է, բայց վստահեցնում եմ՝ ֆրակցիայի ներսում այնքան ուժեղ ընդդիմություն կա, որ ես անգամ մեկ-մեկ պետք է դիմեմ ե՛ւ «Բարգավաճ Հայաստան» ե՛ւ «Լույս» ֆրակցիային, որ այն որոշումը, որը ես մտածում եմ ճիշտ է՝ իմ կողմից լինեն: Վստահ եղեք՝ բալանսների առումով մենք խնդիր չունենք, որովհետեւ չկա միանձնյա որոշում, բացառվում է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ