Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա». Կանադայի վարչապետ

Հոկտեմբեր 13,2018 15:03

Այսօր Հայաստանի եւ Կանադայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Ջասթին Թրյուդոն համատեղ ասուլիսով հանդես եկան:

Լրագրողները հարցրեցին՝ հայ-կանադական բիզնես կապերն ինչպե՞ս եք գնահատում, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ներդրումների հոսքն ավելի արագ կլինի: Նաեւ հետաքրքրվեցին՝ կանադահայ գործարարները առաջնահերթ են համարում Հայաստանում Կանադայի դեսպանատան բացումը, քննարկե՞լ եք այդ հարցը:

Փաշինյանը պատասխանեց. «Մեր խոսակցության հենց առաջին րոպեներից Ջասթինն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել ՀՀ-ում կանադական ներդրումների ակտիվացմանը: Դա շատ կարեւոր է: Երեկ մեր պետական ճաշին մասնակցում էին նաեւ կանադացի գործարարներ, ովքեր արդեն ներդրումներ ունեն Հայաստանում եւ ուզում են ընդլայնել իրենց ներդրումների ծավալները: Իհարկե, շատ կարեւոր է նոր ներդրումների ներգրավումը: Շատ կարեւոր եմ համարում մեր խոսակցության այն հատվածը, որտեղ ես խնդրեցի Կանադայի վարչապետին, որպեսզի ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների բովանդակությունը ճիշտ ներկայացնի Կանադայում բիզնես միջավայրին: Դուք գիտեք, որ ՀՀ-ում տեղի են ունենում պրոցեսներ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, որոնք հասկանալիորեն երբեմն հաճախ առնչվում են նաեւ օտարերկրյա ընկերություններին: Ուզում եմ արձանագրել, որ այդ առնչությունները ոչ թե մեր գործողություններն են՝ կանխելու ՀՀ-ում ներդրումները, եւ որեւէ ներդրողի ՀՀ-ից պատկերավոր ասած՝ դուրս հրավիրելու, այլ՝ ընդհակառակը: Մենք ուզում ենք մի միջավայր ստեղծել, որտեղ ներդրումները, տնտեսական գործունեությունը պայմանավորված չէ կառավարության քմահաճույքով կամ այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքներով: Եթե կան դեպքեր, որտեղ հնարավոր է, որ ինչ-որ բան տեղի է ունեցել կառավարության կամ ինչ-որ պաշտոնյայի քմահաճույքով եւ հաշվի չեն առնվել տարբեր շահեր, շրջակա միջավայրի հետ կապված հարցերը, մենք պետք է աշխատենք այդ հարցերի պատասխանը ոչ միայն ստանալու,այլեւ որոշակի ստադարտներ ստեղծելու վրա, որպեսզի բոլորը՝ եւ հանրությունը, եւ ներդրողները, եւ կառավարությունը հետագայում համոզված լինեն, որ ցանկացած որոշում եւ համագործակցություն չի կարող դուրս լինել հանրային, ազգային, պետական որեւէ շահի շրջանակից: Ուրախ եմ, որ այս հարցում մենք ունենք լիակատար ըմբռնում»:

Կանադայի վարչապետն ասաց, որ ՀՀ-ում մտադիր են ներդրումներ անել ջրային ռեսուրսների կառավարման, կեղտաջրերի, կոշտ թափոնների կառավարման, մշակման, բնական ռեսուրսների ոլորտում. «Խմելու ջրի կառավարման եւ այլ հարցերում ՀՀ-ում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որը հետաքրքրական է կանադական ընկերությունների համար, կանադահայերի համար»:

Ինչ վերաբերում է Հայաստանում Կանադայի դեսպանատուն կառուցելու հավանականությանը, Ջասթին Թրյուդոն ասաց, որ շատերն են դրա մասին իրեն հարցրել. «Մենք հասկանում ենք, որ սա նշանակալի մարտահրավեր կլինի՝ հաղթահարելու, մենք կանխատեսում ենք այդ հնարավորությունը դիտարկել՝ մեր հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, ինչքան ներդրումները շարունակվեն, դեսպանատուն բացելն ավելի ակնհայտ կդառնա: Մենք հույս ունենք ապագայում անդրադառնալ դեսպանատան հարցին: Տնտեսական գործարար կապերի ծավալների մեծացման դեպքում ավելի ակտուալ կդառնա այդ հարցը»:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նախ Կանադայի դեսպանատան ներսի բովանդակությունը կկառուցեն, հետո նոր՝ պատերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031