Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանը Թրյուդոյին պատմել է Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին

Հոկտեմբեր 13,2018 14:42

Այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն էր:

Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցին ի պատասխան՝ Ջասթին Թրյուդոն ասաց, որ Կանադան վաղուց ընդունել եւ ճանաչել է հայ ազգի ողբերգական ցեղասպանությունը. «Հայկական համայնքը Կանադայում վաղուց է ընդգծում Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ երաշխավորելու համար, որ հետայսու այն չի կրկնվի ու շարունակվի: Կանադան կարեւոր դեր է խաղում աշխարհով մեկ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար՝ նվազեցնելու քաղաքացիների վրա նմանօրինակ ոճիրների ազդեցությունը, որպեսզի հաշվետվողությականություն հաստատվի: Մենք շարունակելու ենք միջազգային մակարդակով ընդունումն ու ճանաչումը ջատագովել՝ հաշվի առնելով, որ ճանաչումն առաջին քայլն է ընդունելու եւ կանխարգելելու նոր ոճիրները»:

Փաշինյանն էլ ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չի, այլեւ՝ ապագայի կառուցման: ՀՀ-ն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարում եւ կարեւոր է համարում իր մասնակցությունը ցեղասպանությունների կանխարգելմանը. «Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգության խնդիր է նաեւ, մենք այսօր ունենք սպառնալիքի նման վիճակ, մինչեւ հիմա ՀՀ սահմանները փակված են Թուրքիայի կողմից, եւ ՀՀ-ն գտնվում է  շրջափակման մեջ, մեզ համար սա նաեւ անվտանգային սպառնալիք է: Մենք քննարկումների ժամանակ խոսեցինք նաեւ Ղարաբաղի հարցի մասին, ընդծեցի, որ միջազգային հանրության համար պետք է ընկալելի դարձնել՝ ի՞նչն է պատճառը, որ ծագել է Ղարաբաղի հարցը: Կան շրջանակներ, որոնք ընկալում են այդ հարցը՝ որպես տարածքային վեճի խնդիր, դա բացարձակապես այդպես չէ: Արցախում ապրող հայերի համար կանգնել է նոր ցեղասպանության սպառնալիքը, եւ, աչքի առաջ ունենալով նախկին ցեղասպանությունը, մարդիկ ուղղակի ցանկանում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Մենք բազմաթիվ իրավունքների մասին ենք խոսում՝ խոսքի ազատություն, կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարություն, երեխաների իրավունքները նաեւ կարեւոր թեմա է, ընտանիքում բռնությունների թեման, որոնք շատ կարեւոր թեմաներ են, բայց Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է այն պայմաններում, երբ ուղղակի մարդու ամենապրիմիտիվ իրավունքը՝ ապրելու իրավունքն է կանգնել մարդու առաջ, Ղարաբաղի ժողովրդի առաջ: Նրանք աչքի առաջ ունեցել են նաեւ դարասկզբի Մեծ եղեռնը»:

Ավելի ուշ լրագրողները հետաքրքրվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, թե բանակցությունների արդյունավետությունն ինչպե՞ս եք դիտարկում, եթե սահմանին կրակում են: Փաշինյանն ասաց, որ Ալիեւի հետ պայմանավորվածությունների մասին ասել է Թրյուդոյին: Կանադայի վարչապետն էլ ի պատասխան հիշեցրեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում՝ լուծելու խնդիրը ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031