Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կանադայի վարչապետի պատասխանը հարցին, թե ՀՀ-ում անորոշություն կա, ո՞նց եք ապագա հարաբերությունները պատկերացնում

Հոկտեմբեր 13,2018 14:26

Այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ կանադացի լրագրողները հարցրին՝ դուք ՀՀ-ում եք քաղաքական, սոցիալական գործընթացների ընթացքում, երկու երկրների միջեւ ապագա հարաբերություններն ինչպե՞ս եք տեսնում, կա որոշակի անորոշություն, քանի որ ընտրություններ են նախատեսվում ՀՀ-ում: Ջասթին Թրյուդոն պատասխանեց՝ Հայաստանի եւ Կանադայի միջեւ հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան երկու առաջնորդների միջեւ հարաբերությունները. «Մենք երկար խոսեցինք Նիկոլի տեսլականի մասին առ այն, թե ինչպես առաջ շարժվել ժողովրդավարական արժեքներին հարիր: Ինչպես ես, նա էլ նույն կերպ հասկանում է, որ ժողովրդի վստահությունը շահելը պետական հաստատություների դերի առումով կենտրոնական առանցք է հանդիանում կուռ տնտեսություն կառուցելու, պետական համայնքներ կառուցելու համար»:

Նա ասաց, որ գալիք տարիներին էլ շարունակելու են հայ-կանադական հարաբերությունները զարգացնել այդ ուղղությամբ, այդ մասին խոսել են Փաշինյանի հետ ու շատ ներշնչվել. «Նիկոլը խոսեց այն մասին, որ քաղաքացիներին պետք է վստահություն հաղորդել, նրանց ակտիվ ներգրավել հասարակական-քաղաքական անցուդարձին»:

Իսկ Փաշինյանը կանադացի լրագրողի այդ հարցին պատասխանեց. «Շատ կարեւոր է արձանագրել, թե ինչ փոփոխություներ են եղել ՀՀ-ում: Իհարկե, երկրների հարաբերությունները առանձին վերցրած քաղաքական գործիչների հարաբերություններ չեն, բայց հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, հետեւյալն է, որ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնում է ժողովրդին ու այլեւս միշտ վարչապետի կարգավիճակում գտնվող մարդը ներկայացնելու է ժողովրդին: Ներկա քաղաքական իրողության կարեւորագույն առանձնահատկությունն այն է, որ ՀՀ ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը ցանկալի է, որ ներկայացնի ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլեւ ընդհանրապես հայ ժողովրդին: Այն քաղաքական փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել, ակտիվ մասնակից են դրան եղել ոչ միայն ՀՀ-ում ապրող քաղաքացիները, այլեւ ընդհանրապես ողջ հայությունը: Մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել Կանադայի հայությունից, ՌԴ-ի հայությունից, ԱՄՆ-ի, եւ ընդհանրապես աշխարհում չկա որեւէ հայ համայնք, որը աջակցություն չի ցուցաբերել ՀՀ-ում տեղի ունեցած եւ ունեցող ոչ բռնի թավշյա հեղափոխությանը: Առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների իմաստն էլ դա է, որ ՀՀ պետական կառավարման բոլոր մարմիններում պետք է լինեն մարդիկ, ովքեր ներկայացնում են ժողովրդին, ժողովրդի կարծիքը, ովքեր այդտեղ հայտնվել են ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում: Որեւէ ընտրություն այս իրողությունը չի փոխելու, ոչ թե այն իմաստով, որ անընդհատ նույն մարդիկ են լինելու, այլ նրանք, ովքեր պետք է լինեն վարչապետի աթոռին, նրանք պետք է լինեն լիազորված ժողովրդի կողմից: Դա կարող է լինել X կամ Y մարդը, երրորդ մարդը, բայց հիմնական իմաստն այն է, որ ՀՀ-ում այլեւս երբեք ընտրություները չեն կեղծվելու, եւ ժողովրդի կամարտահայտությունը չի արհամարհվելու: Որեւէ կասկած չկա, որ այս փոփոխությունը ոչ միայն տեւական է, այլեւ ընդմիշտ ուղեկցելու է մեզ, որովհետեւ օրենքի գերակայությունը, ժողորդավարությունը, թափանցիկությունը միայն իմ եւ մեր քաղաքական թիմի պատկերացումը չէ, այլեւ ողջ ժողովրդի ու հեղափոխությունը, որը տեղի է ունեցել ՀՀ-ում, ոչ թե ես եմ արել, այլ արել է հայ ժողովուրդը, նրան է պատկանում բարձրագույն իշխանությունը ՀՀ-ում, եւ այդպես լինելու է միշտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031