Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Այսօր Երևանի նորընտիր քաղապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի մեկնաբանում Մայրապետյանի կալանավորումը 2008թ.-ի մարտի 1-ի գործի հետ կապելու հարցերը: «Այս պահին մեղադրանքի մեջ նման ձևակերպում չկա»,- ասաց ՀՔԾ պետը:
Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ կապ ունեցող գործարանի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքը Մարտի 1-ի դեպքերի հետ կապ չունի: «Փորձաքննությունը ավարտվել է: Մարտի 1-ի դեպքի վայրից առգրավված պարկուճների եւ գնդակների հետ համընկնում չկա»,- ասաց ՀՔԾ պետը:
Նա ասաց, որ ինքն ու ԱԱԾ տնօրենը Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում զենքերի հայտնաբերման ժամանակ հանդես են եկել հայտարարությամբ, որ ընդամենը օպերատիվ տվյալ կա այդ զենքերի՝ մարտի 1-ի հետ կապ ունենալու մասին: «Եվ օպերատիվ տվյալը ստուգել են»,- ասաց ՀՔԾ պետը եւ ավելացրեց, որ չի կարծում, որ այդ չճշտված օպերատիվ տվյալի մասին իրենց հայտարարություն անելը սխալ էր:
Սասուն Խաչատրյանը չհաստատեց լուրերը, թե ԵԿՄ նախկին նախագահ եւ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի առողջական խնդիրների պատճառով, եւ նա կհայտնվի ազատության մեջ:
«Անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր ինչ չափազանցված են: Փորձաքննությունը նշանակված է: Մարդկանց մեծ մասը խնդիրներ ունի առողջության հետ, խնդիրն այն է, թե անհամատեղելի՞ են անազատության հետ պահվելու հետ, թե՞ ոչ: Տվյալ դեպքում, Մանվել Գրիգորյանի հետ կապված նման փաստ առայժմ չկա»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ