Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեւանի օղակաձեւ զբոսայգում բացվեց Տարաս Շեւչենկոյի հուշարձանը

Հոկտեմբեր 13,2018 14:17

Այսօր Երեւանի կենտրոնում՝  Երեւանի օղակաձեւ զբոսայգում, բացվեց մեծ ուկրաինացու՝ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Արարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ուկրաինայից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցներ, Ուկրաինայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Արձանը բացելու պատիվը տրվել էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր Սահակ Գուդրատյանին: Արձանի բացումն ընդունվեց բացականչություններով: Այնուհետեւ հնչեցին երկու երկրների օրհներգերը: Ներկա էին նաեւ ուկրաինական համայնքի ներկայացուցիչներ:

Նշվեց, որ արձանի բացումը տեղի է ունենում Ուկրաինայի անկախության 27-ամյակի եւ  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության եւ Հայաստանի Առաջին Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակի առիթով:

Ելույթ ունեցողները նշեցին, որ սա Տարաս Շեւչենկոյի միակ հուշարձանն է Հարավային Կովկասում, եւ այն անչափ կարեւոր դերակատարություն է ունենալու հայ-ուկրաինական քաղաքական, մշակութային եւ տնտեսական հարաբերությունները ավելի սերտացնելու եւ ամրապնդելու գործում:

Ուկրաինայում հայկական համայնքի ներկայացուցիչը հատուկ նշեց, որ հաճախ շատ է խոսվում ժողովուրդների բարեկամության մասին, սակայն ինչ-որ տեղ կոնկրետ գործն է պակասում, եւ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը կանգնեցնելու այս նախաձեռնությունը, որ հանդես բերեց Գագիկ Ծառուկյանը, կոնկրետ գործ է:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց. «Այսօր մենք այստեղ ենք Երեւանի սրտում ուկրաինացի մեծ բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ, ժողովրդագետ Տարաս Շեւչենկոյի արձանի բացման առիթով: Ես արձանի կառուցումը հովանավորել եմ ի պատիվ Ուկրաինայում բնակվող շուրջ կես միլիոնանոց հայկական համայնքի: Մեր հայրենակիցները, երկար տարիներ ապրելով Ուկրաինայում, այդ երկիրը համարում են իրենց երկրորդ հայրենիքը: Հայաստանում ապրող ուկրաինացիներն էլ Հայաստանն են իրենց երկրորդ հայրենիքը համարում: Իմ ցանկությունն է, որպեսզի այդ կապն ավելի ամրապնդվի ու խորանա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    հիանալի է եւ անհրաժեշտ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031