Այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին վերջինս ասաց, որ հայ-կանադական հարաբերություններում հույս ունի, որ պատմական զարգացումներ կլինեն: Նա ասաց, որ Թրյուդոյի հետ քննարկել են մեր եւ միջազգային հարաբերություններին առնչվող լայն շրջանակի հարցեր. «Պարոն վարչապետի հետ երեկվանից դեմ առ դեմ հանդիպում ենք ունեցել ու քննարկել ենք ներհայաստանյան, միջազգային, տարածաշրջանային կյանքին վերաբերող հարցեր: Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ ուրախ եմ, ունենք պարոն Թրյուդոյի նման հեղինակավոր քաղաքական գործչի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման, օրենքի իշխանության զարգացման գործում: Որեւէ կասկած չկա, որ ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդն ամուր հենված են ժողովրդավարական արժեքների վրա եւ մենք այդ ճանապարհով հստակ քայլերով գնալու ենք առաջ: Ինչ վերաբերում է հայ-կանադական հարաբերություններին, մենք ունենք շատ լավ մթնոլորտ, հստակ ձեւակերպեցինք խնդիր, որ այդ լավ մթնոլորտը անհրաժեշտ է վերածել լավ գործերի, որպեսզի ավելի շոշափելի համագործակցություն տեղի ունենա մեր կառավարությունների, գործարար շրջանակների միջեւ: Խոսեցինք նաեւ մարդկային կապերի ամրապնդման կարեւորությունից, որովհետեւ երկրների հարաբերությունները առաջին հերթին մարդկանց հարաբերություններն են: Այդ տեսակետից իսկապես Կանադայի եւ ՀՀ-ի հարաբերությունները փայլուն են»:
Փաշինյանն ասաց, որ անձամբ ինքը մի քանի հանդիպում է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ եւ նրան համարում է իր լավ ընկերն ու բարեկամը. «Ոչ միայն ՀՀ-ի եւ հայ ժողովրդի լավ բարեկամ, ինչը հայտնի կարգավիճակ էր նաեւ այս հանդիպումներից առաջ, այլ նաեւ անձամբ իմ ընկերն է, իմ բարեկամը: Ես ուզում եմ նաեւ իմ հիացմունքն արտահայտել պարոն Թրյուդոյի անցած քաղաքական ճանապարհի եւ այն գործունեության համար, որ նա իրականացնում է իր երկրում եւ բազմաթիվ մարդկանց, երիտասարդների ոգեշնչում է լավատեսության ոչ միայն իր երկրում, այլեւ ողջ աշխարհում: Հարգելի Ջասթին, ուրախ եմ, սիրելի Ջասթին, եւս մեկ անգամ ողջունել քեզ ՀՀ-ում եւ հույս ունեմ, համոզված եմ, որ իրար հանդիպելու եւ խոսելու բազմաթիվ առիներ կունենանք, եւ այդ շփումները կոնկրետ արդյոյւնք կբերեն մեր տնտեսական, մշակութային կապերի, երկու երկրների հարաբերությունների խորացման համար»:
Կանադայի վարչապետն ասաց, որ 80-ականներին ՀՀ-ում եղել է իր հայրիկի հետ: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի վաչապետին եւ իր թիմին՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումները սքանչելի կազմակերպելու համար, նշեց, որ հասկանում է՝ մեծ ջանք է պահանջվում նման միջոցառում կազմակերպելու համար: Ջասթին Թրյուդոն ասաց, որ Կանադան գրկաբաց ընդունեց սիրիահայերին: Իսկ Փաշինյանի հետ քննարկել են նաեւ ՀՀ-ից Կանադա օդային ճանապարհը դյուրացնելու հարցը: Ներկայումս 21 ժամ է պահանջվում դրա համար: Նա ջերմությամբ հիշեց Կանադայում հայ պատգամավորներին, ասաց, որ ՀՀ-ում հանդիպումները սկիզբ են դնում նոր հեռանկարների՝ երկու երկիրների հարաբերությունների զարգացման առումով:
Ուշագրավ է, որ երկու երկրների վարչապետները իրար մասին խոսելիս անունով էին դիմում՝ Նիկոլ եւ Ջասթին՝ ցույց տալով իրենց ընկերական մտերմիկ հարաբերությունները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ