Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն իրականացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին (տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2018 12:02

Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։
Արտերկրից Հայաստան ժամանեցին 84 երկրների պատվիրակություններ և 38 պետությունների ղեկավարներ։ Սա մեր երկրի պատմության մեջ ամենամասշտաբային միջոցառումն էր։ Հազարավոր հյուրեր, որոնց անվտանգության պատասխանատուն նաև ոստիկանությունն էր։

Մինչև միջոցառումների մեկնարկը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ստեղծվեց ոստիկանության օպերատիվ շտաբ, որտեղ ներգրավված էին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։ Օպերատիվ շտաբը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը: Ըստ ուղղությունների ստեղծվեցին աշխատանքային խմբեր, և ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը տեղի ունեցան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ոստիկանությունը համագործակցելով այլ գերատեսչությունների ծառայողների հետ համալիրի տարածքում պահպանում էր հասարակական կարգը, պետությունների ղեկավարների ու հյուրերի անվտանգությունը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից մի քանի շղթայով մարզահամերգային համալիրը շրջափակված էր, անվտանգությունը՝ երաշխավորված։

Երևանի կենտրոնում զբոսնող, բացօթյա սրճարաններում նստած գերտերությունների ղեկավարների հաճախ չեք հանդիպի։ Բայց, փաստորեն, այդպես էլ է լինում։ Այս ամենի անվտանգությունն ապահովվեց ոստիկանության ու անվտանգության պատասխանատու մյուս գերատեսչությունների պրոֆեսիոնալ ծառայության շնորհիվ։
Հանրապետության հրապարակում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն են։ Իրականացնում են անվտանգության նախապատրաստական աշխատանք։
Հանրապետության հրապարակում գալա-համերգի ընթացքում հասարակական կարգն ու անվտանգության ապահովումն իրականացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, կրթահամալիրի, Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների, պետական պահպանության գլխավոր վարչության, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզյաին վարչության և այլ ստորաբաժանումների ծառայողները։

Հոկտեմբերի 7-ից 12-ը Ազատության հրապարակում գործեց Ֆրանկոֆոնիայի ավանը։
Տասնյակ երկրների ներկայացուցիչներ տաղավարներում ներկայացնում էին իրենց երկրների արտադրանքը։ Հրապարակ մտնող ցանկացած քաղաքացի ստուգվում էր մետաղորսիչով, պարեկապահակետային ոստիկանները շրջում էին տարածքում։
Բոլոր ոստիկաններին նախապես տրամադրվել էին հայերեն-ֆրանսերեն զրուցարաններ՝ ֆրանսախոս հյուրերի հետ ուղիղ շփվելու համար։

Ի դեպ տեղում ծառայությունը հաճախ ստուգում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
Օտարերկրյացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված իրավախախտումների, պատահարների, ինչպես և նրանց առնչվող միջադեպերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելու և արագ արձագանքման նպատակով ոստիկանության օպերատիվ շտաբում գործում էր հեռախոսահամար։ Զանգերին պատասխանում էին մի քանի լեզուների տիրապետող ոստիկանության ծառայողներ։
Ոստիկանության 1-02 հեռախոսահամարը հիշեցնող տարբեր լեզուներով վահանականեր էին փակցվել մայրաքաղաքում և օդանավակայանի ճանապարհին։

Երևանի բոլոր հյուրանոցների մոտ շուրջօրյա ծառայություն էին իրականացնում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մի քանի լեզուների տիրապետող ծառայողներ։
Այս օրերին ուժեղացված ծառայություն իրականացրին նաև ճանապարհային ոստիկանները։ Մի քանի փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու պատճառով ծանրաբեռնված փողոցների բոլոր խաչմերուկներում իրականացվում էր 24 ժամյա ծառայություն։ Բացի այդ, ճանապարհային ոստիկանությունը մի քանի օրում իրականացրեց հարյուրից ավելի ուղեկցումներ։
Ներկայացվածը ոստիկանության ծառայության մի մասն էր, իսկ ոստիկանության իրականացրած քողարկված ծառայության մասին՝ կլռենք։

ՀՀ ոստիկանության և անվտանգությունն ապահովող այլ կառույցների ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մեր երկրում անվտանգ ու բարձր մակարդակով տեղի ունեցան լայնամասշտաբ միջոցառումներ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիներին ոստիկանությանն աջակցելու և ներողություն ենք խնդրում այս օրերին ինչ-ինչ անհարմարություններ պատճառելու համար։
Մենք՝ բոլորս միասին ապացուցեցինք, որ Հայաստանը աշխարհի ամենաապահով, ամենաերջանիկ ու ամենահյուրընկալ երկիրն է։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031