Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքապետի ընտրության դասերը

Հոկտեմբեր 13,2018 12:00

Որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կհաղթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտպանյալ ու հովանավորյալ Հայկ Մարությանը՝ դերասան Կարգին Հայկոն, գրեթե ոչ ոք չէր կասկածում, բայց որ Հայկ Մարությանն իր մրցակիցներին կհաղթի այդաստիճան բացարձակ առավելությամբ, նույնիսկ Մարությանի սպիտակ համակիրներն ու հեղափոխական կողմնակիցները չէին կարող ենթադրել: Սա շատերի ու նաև անձամբ իմ կարծիքն է, իսկ եթե ավելի անկեղծանամ, պիտի ասեմ, որ, անձամբ իմ կարծիքով, նույնիսկ անձամբ Հայկ Մարությանի մտքով չէր անցնի, որ ինքն իր մրցակիցներին այդաստիճան բացարձակ առավելությամբ կհաղթի:

Շատերը, կարելի է ասել՝ բոլորն այն կարծիքին են, որ Հայկ Մարությանը հաղթեց բացարձակապես Նիկոլի աջակցության շնորհիվ, բայց այսպես մտածողներիցս շատերը մոռանում ենք ու չենք մտածում, որ Նիկոլ Փաշինյանն էլ վարչապետ դարձավ ժողովրդի ու ինչ-որ չափով նաև Կարգին Հայկոյի ու նրա նմանների աջակցության շնորհիվ, որովհետև եթե էս ուղղությամբ ավելի կենտրոնացած մտածենք, կգիտակցենք, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ միայն ժողովրդի կողմից սիրված դերասան էր, այլև, կարելի է ասել, արդեն քաղաքական գործիչ, և քաղաքական գործիչ էր միանգամայն ինքնուրույն՝ առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության, և ընդդիմության գրեթե բոլոր գործողություններին ու միջոցառումներին էլ մասնակցում էր ոչ պակաս, քան Նիկոլ Փաշինյանը, և հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայկն արդեն քաղաքապետ է, շատերը նրան որպես դերասան են միայն ընկալում, առանց հիշելու ու հաշվի առնելու, որ վերջին չորս ու հինգ տարիներին Հայկ Մարությանն ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվել, քան կինոյով ու դերասանությամբ, և առանց Ռեյգանին հիշելու ու առանց Ռեյգանի օրինակը բերելու, որ ավելի լավ է տաղանդավոր դերասանը քաղաքապետ, նահանգապետ ու նախագահ դառնա, քան անտաղանդ ոչնչությունը (իսկ որ Հայկ Մարությանը տաղանդով Ռեյգանից պակաս չէ, դրանում ոչ ոք չի կասկածում), պիտի նշենք, որ մեզանում ու այլուր քաղաքական ու պետական պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր ոչ միայն դերասան չեն, ոչ միայն տաղանդավոր չեն, այլեւ պարզապես ոչինչ են, դրա վկան ու ականատեսը մշտապես ենք եղել, ու նաև էն կարծիքին ենք, որ պետական պաշտոնյան ավելի լավ է Ռեյգանի ու Հայկոյի պես կոչումով կամ կրթությամբ դերասան լինի, քան Մուսոլինիի ու Ժիրինովսկու պես՝ կյանքում, և, փաստորեն, ի տարբերություն վերջին երկուսի, Ռեյգանն ու Կարգին Հայկոն, քաղաքականության մեջ դերասանություն չեն արել, բայց էսքանով ավարտենք Ռեյգանի հետ Կարգին Հայկոյին համեմատելու Սասուն Միքայելյանից սկսված և մեզանով շարունակվող էս խոսակցությունը՝ նշելով ու ընդգծելով, որ Սասուն Միքայելյանն ու բոլորս չափազանց վստահ ենք մեր քաղաքական իմացության հարցում, բայց կյանքը շարունակում է մեզ ցույց տալ ու բացատրել, որ քաղաքականությունը չափազանց անկանխատեսելի և նույնիսկ անբացատրելի գոյություն ու երևույթ է, և Երևանի քաղաքապետի ընտրությունը ևս մեկ անգամ դա ցույց տվեց, իսկ մինչ այդ տեղի էր ունեցել Նիկոլով սկսված և ժողովրդով շարունակված հեղափոխության հաղթանակը, որին նույնպես սկզբում քչերն էին հավատում, և ենթադրաբար կարող եմ ասել, որ հնարավոր է՝ նույնիսկ անձամբ Նիկոլ Փաշինյանը չէր հավատում, իսկ որ Փաշինյանի դաշնակից «Ելքի» անդամ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու էլի շատ ուրիշներ ոչ միայն հեղափոխության հաղթանակին չէին հավատում, այլև չէին էլ մասնակցում Նիկոլի ու նրա՝ սկզբում չափազանց սակավաթիվ համախոհների սկսած քայլարշավին, բայց երբ հեղափոխության այդ անհավատալի ու անհավանական հաղթանակը տեղի ունեցավ և իրականություն դարձավ, մի քանի հոգանոց հեղափոխությունը մի քանի օրվա ընթացքում դարձավ հարյուր հազարանոց և ավելի, և բոլորը մեկից դարձան հեղափոխական՝ հայտարարելով, որ իրենք էն գլխից հավատում էին հեղափոխության հաղթանակին, մինչդեռ իրականում հեղափոխության հաղթանակն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն անսպասելի ու անհավատալի էին, մինչդեռ հիմա շատ մեծախոս քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանի հրաժարականը միակ ելքն էր, բայց, նախքան Սերժ Սարգսյանի հրաժարականը, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այդպիսի միակ ելք գոյություն ունի:

Հիմա, երբ Հայկ Մարությանն արդեն բացարձակ ու ճնշող առավելությամբ հաղթել է Երևանի քաղաքապետի ընտրություններում, քաղաքական իմաստակներն ու բոլորն ասում են, որ այդպես էլ պիտի լիներ:

Այդ հիմա են այդպես ասում: Իսկ ընտրություններից առաջ ոչ ոք չէր էլ ենթադրում, որ դերասան Հայկ Մարությանն այդպիսի ահռելի առավելությամբ կհաղթի իր մրցակիցներին:

Այդպիսին է քաղաքականությունը, որը մեզ մշտապես անակնկալներ է մատուցում: Եվ կշարունակի մատուցել:

 

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

12.10.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031