Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձավորների հետ ճանապարհ փակելուց հետո Անիի համայնքապետը հրավիրվել է տարածքային նախարարություն․ ի՞նչ են զրուցել

Հոկտեմբեր 12,2018 21:55

Այսօր Aravot.am-ը Գյումրիի «Երկխոսության մեդիա կենտրոն» հրավիրված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե զրույց ունեցե՞լ են Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հետ և ելնելով Մարալիկում տիրող լարված իրավիճակից՝ երբևէ հորդոր չի՞ եղել  հրաժարական ներկայացնել, թե՞ նախարարությունը գերադասել է պահել չեզոքության սկզբունքը։

«Տեսեք, քանի տեղական ինքնակառավարման մարմինների գործերին միջամտելու սահմանափակում կա և՛ ՏԻՄ օրենսդրությամբ, և Սահմանադրությամբ, և՛ եվրոպական խարտիաներով, բնականաբար, մենք չէինք կարող պահանջել, ուշադրություն դարձեք պահանջել բառին, որ Արտակ Գևորգյանը հրաժարական տա։ Չեմ կարող թաքցնել, բնականաբար, մենք առաջարկել ենք հետևել Նիկոլ Փաշինյանի՝ մեր սիրելի վարչապետի սեպտեմբերի 30-ի հայտարարությանն այն մասին, որ եթե համայնքի ղեկավարը գտնում է, որ ինքը լեգիտիմ իշխանություն է, մի ձև ունի ապացուցելու իր լեգիտիմությունը։ Իհարկե, եթե համայնքի բնակչությունը բողոքում է, ցույցեր, հավաքներ է անցկացնում, հրաժարական տա և նոր ընտրությունների գնա։

Այս պարագայում, եթե ինքը ցանկանա նորից թեկնածություն դնի, ընտրվի, դրանից հետո համայնքի որևէ բնակիչ չի կարողանա խնդիրներ առաջացնել, բողոքներ ներկայացնել, երաշխավորը մենք ենք՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։ Մենք առաջարկել ենք մեկ-երկու անգամ, Արտակ Գևորգյանը իրականում հստակ պատասխան չի տվել՝ կտա՞ հրաժարական, չի՞ տա։ Մենք մեզանից, այսպես ասած, եկած հնարավոր ամեն ինչ անում ենք, որ ամենակարևորը լարում չլինի, համայնքը իր բնականոն աշխատանքները, գործունեությունը շարունակի, որը ևս մեկ անգամ շեշտում եմ, համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է ապահովել։

Եթե չի կարողանում ապահովել համայնքի բնականոն կյանքը, դրա համար կա մեկ ճանապարհ, ոնց որ վարչապետն է ասում՝ հրաժարական տա, նորից դնի թեկնածությունը։ Ինչի՞ համար ենք նորից շեշտում և ինչի՞ համար ենք նման բան առաջարկել, որովհետև պարոն Գևորգյանը պարբերաբար հայտարարում է, որ 24 հազար բնակչություն կա այնտեղ, նրանցից շատ փոքր հատվածն է, որ հավաքների, ցույցերի է մասնակցում։ Ինքը բացառիկ հնարավորություն ունի ապացուցելու, որ 200-300 հոգին է, որ իր հրաժարականն է պահանջում  ամենատարբեր նկրտումներից ելնելով։ Այո, մի մասը  լրիվ ժողովրդավար ձևերով ցանկանում է իր խոսքը հասցնել, մի հատվածը գուցե քաղաքական նկրտումներ ունի, մի հատվածը ժամանակին խնդիրներ է ունեցել, կապ չունի։ Եթե կա վստահություն, կարծում եմ, ուղղակի պետք  պատրաստ լինի նման քայլի։ Բայց, էլի եմ կրկնում, որևէ համայնքի ղեկավարից տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը չի կարող պահանջել հրաժարական տալ։ Երբ որ նման բան լինի, այս ամբողջ հեղափոխությունը ուղղակի ոչ մեկիս պետք չէր»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա նաև նշեց, որ անընդմեջ կապի մեջ են եղել Արտակ Գևորգյանի հետ, մի քանի անգամ անձամբ ինքն է հեռախոսով խոսել նրա հետ, բազում անգամ նախարարը, փոխնախարարը, երկու անգամ էլ նրան հրավիրել են նախարարություն։

«Առաջին անգամ հրավիրեցինք, երբ ինքն իր մերձավորներին, հարակից շրջապատին, այսպես ասած, փողոց հանեց, գուցե արտահայտությունը տեղին չէ։ Հենց այդ օրն առավոտյան մենք արդեն տեղեկացված էինք, որ նման բան է նախապատրաստում համայնքի ղեկավարը, և քանի որ հենց համայնքի ղեկավարն էր Սահմանադրորեն և ՏԻՄ օրենքով պատասխանատուն համայնքում բնականոն կյանքի համար, մենք իմանալով դրա մասին՝ կանչեցինք մեր մոտ։ Նա մի քիչ ուշ եկավ, այսինքն` այդ ամբողջ իրադարձությունից հետո եկավ, մենք համապատասխան աշխատանք կատարեցինք, համապատասխան հորդորներ, խնդրանքներ, քանի որ ՏԻՄ մարմին է, մենք իրավասություն չունենք այլ ձևով խոսել, բայց բացատրեցինք, ներկայացրեցինք իրավիճակի կարևորությունը, սրությունը և առաջարկեցինք, հորդորեցինք, որ ինքը քայլերը ձեռնարկի, որ համայնքի գործունեությունը խաթարված չմնա։ Այն, ինչ իրականացվել է վերջին ամիսների ընթացքում Մարալիկ համայնքում և Անի համայնքում, ընդհանուր առմամբ վերցված, մեր և մարզպետարանի հսկողության և ուշադրության կենտրոնում է եղել։

Այն իրադարձություները, որոնք կարող էին որակվել օրենքից դուրս, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները։ Մենք փորձել ենք ամեն ջանք գործադրել, որ իրավիճակը շատ չլարվի ու անդառնալի հետևանքներ չլինեն։ Մի քանի անգամ իրականում լուրջ խնդիրներ էին առաջ գալու, բայց մեր աջակցությամբ և մարզպետարանի աջակցությամբ կանխվել են»,- ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031