Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարելու Արմավիրը». Սեւակ Մինասյան. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2018 21:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արմավիրի զարգացման կենտրոնը բանավեճի էր հրավիրել Արմավիրի քաղաքապետի թեկնածուներին: Բանավեճին եկել էր թեկնածուներից միայն Սեւակ Մինասյանը: «Ցավում եմ, որ չեն եկել: Կարող էր առողջ բանավեճ լինել եւ քաղաքակիրթ պայքար, ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտել»,- ասաց Սեւակ Մինասյանը:

Թե ինչո՞ւ իր ընդդիմախոսները չէին եկել, իրե՞ն, թե՞ ընտրողին ասելիք չունեին`հարցին Սեւակ Մինասյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել: Չեմ էլ ուզում իրենց փոխարեն պատասխանել, թե ինչո՞ւ չեն եկել: Ցանկալի էր, որ լինեին»: Նա կոչ ուներ արմավիրցիներին`քվե տվեք ձեր նախընտրած թեկնածուին եւ պահանջեք նրանից:

Aravot.am-ի հարցին`հեղափոխական էյֆորիան չի՞ խանգարի, որպեսզի ընտրությունները կայանան ազատ եւ արդար. համենայնդեպս, Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ ձայն են տալիս ոչ թե թեկնածուին, այլ Նիկոլ Փաշինյանին:

«Ես հեղափոխության մեջ եմ վաղուց»,- ասաց թեկնածուն`վերհիշելով 2011-ի ընտրությունները, երբ ինքը պայքարում էր ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ական թեկնածուի դեմ: «Մեր կռիվը ՀՀԿ-ի դեմ դրա համար էր: Եթե իշխանությունները գնան նույն ճանապարհով, ուրեմն, ոչինչ չի փոխվել: Բայց Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարելու Արմավիրը…քաղաքը խնդիրներ ունի, որոնք լուծումներ են պահանջում: Դրա համար, լավ կլիներ, որ թեկնածուները գային եւ մասնակցեին բանավեճին, մարդիկ էլ լսեին եւ հասկանային: Իր արածի համար բոլորս իրեն շնորհակալ ենք, բոլորս էլ մասնակցել ենք հեղափոխությանը, բայց ուզում եմ հավատալ, որ ներկայիս ղեկավարները, նախկին ղեկավարների ճանապարհով չեն գնալու»,- ասաց Սեւակ Մինասյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Սեւակ Մինասյանը երկու անգամ եղել է Արմավիրի ավագանու անդամ: Ասում է`շատ լավ է պատկերացնում քաղաքի խնդիրները եւ դրանց լուծումները: Արմավիրի առաջնային խնդիրներից երկուսն է նշում` խմելու ջրի հարցի կարգավորում եւ քաղաքի կանաչապատում: Խմելու ջրի խնդիրն Արմավիրում տասնամյակների պատմություն ունի: Ժամանակին խողովակներ են փոխվել, որից հետո խմելու ջուրը դարձավ 24 ժամյա, բայց, խմելու ջուրը խմելու չէ, պղտոր է: Քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ ժամանակին, երբ ջրագիծ էր փոխվում, ոչ թե նոր խողովակներ են բերվել, այլ Ռուբեն Խլղաթյանին պատկանող խոզաբուծական ֆերմայում օգտագործված խողովակները: Մարդիկ ենթադրում են, որ դրա համար էլ խմելու ջուրը խմել չի լինում: Այս հարցի լուծումը Սեւակ Մինասյանը ֆինանսական առումով խնդիր չի համարում: Ասում է` հնարավոր է քաղաքի բյուջեից գումար տրամադրել եւ խողովակաշարի այդ հատվածը նորից փոխել: Խնդիրը պետք է լուծում ստանա իրավական հարթությունում`կառավարության եւ խորհրդարանի միջոցով`«Վիեոլա ջրի» հետ նոր պայմանագրի արդյունքում: Նազրվանից եկող խմելու ջուրն այժմ գնում է այգիների ոռոգման համար, իսկ բնակչությանը բարձր կոշտությամբ արտեզյան ջուր է տրամադրվում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Սեւակ Մինասյանն իր ծրագրից շատ մանրամասներ չի ներկայացնում: Ասում է`ինքը այդ քաղաքում ապրում է, իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել, քաղաքն էլ փոքր է, բոլորն իրար ճանաչում են:

Հարց հնչեց`ընտրվելու դեպքում, եթե նախկինից ժառանգություն մնացած ավագանին իրեն խանգարի աշխատել`ի՞նչ կանի: Սեւակ Մինասյանը պատասխանեց. «Կներեք, բայց պլաստիրինը բոլորդ էլ գիտեք ինչ է… այդ ավագանին շատ նման է այդ նյութին: Ժողովրդի դեմ ոչ ոք չի կարող կանգնել. Կստիպենք լուծարվել, ինչպես խորհրդարանին ենք ստիպում»: Նա հույս ունի, որ քաղաքի ավագանու ընտրություններն էլ արտահերթ կլինեն եւ ավագանիում կընդգրկվեն իրենց գործի գիտակ մարդիկ:

Ընտրվելու դեպքում Սեւակ Մինասյանը պատրաստ է համագործակցել մյուս թեկնածուների հետ, բացի «հին համակարգից մնացածների» եւ կյանքի կոչել նրանց ծրագրերից արդյունավետ կետերը:

Արմավիրի բյուջեն 760-780 միլիոն դրամ է: Սեւակ Մինասյանը կարծում է, որ այդ գումարները «չլափելու» եւ արդյունավետ օգտագործելու դեպքում հնարավոր կլինի առաջնային շատ հարցեր լուծել: Նաեւ` ծրագրում է քաղաքի բյուջեն համալրել`քաղաքապետարանին օժանդակ տնտեսություններ ստեղծելով:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031