Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորը նշեց ծննդյան հերթական տարեդարձը (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 12,2018 23:54

Այսօր վաղ առավոտից Վանաձորում տոնական մթնոլորտ է տիրում: Հանրապետության երրորդ քաղաքը նշում է ծննդյան հերթական տարեդարձը: «Հաղթող սերունդների քաղաք» խորագիրը կրող տոնական միջոցառումների հանդիսավոր մեկնարկը տրվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում:

Վանաձորի օրը նախատեսվում էր նշել հոկտեմբերի 6-ին, սակայն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքով պայմանավորված, օրը տեղափոխվեց հոկտեմբերի 12: Այսօր էլ միջոցառումները սկսվեցին 1 րոպե լռությամբ: Որից հետո հնչեց տոնական երաժշտություն:

Ներկա էին վանաձորցիներ, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, հյուրեր: Քաղաքի տոնին մասնակցելու էին եկել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Ծնունդով վանաձորցի նախարար Պապիկյանը լրագրողների հետ զրույցում խոսելով քաղաքում ներդնումների մասին, ասաց, որ կառավարությունում քննարկում են Հայաստանը Երեւանից դուրս զարգացնելու հարցը. «Առաջինը կարծում ենք, որ պետք է ունենանք տնտեսական այլ կենտրոններ, այսինքն` երկրորդային քաղաքների գաղափարը պետք է առաջ մղենք: Իսկ Վանաձորը կայուն քայլերով գնում է դեպի թեթեւ արդյունաբերություն, եւ ենք ամեն ինչ պետք է անենք, որ ավելի լայն թափով զարգանա: Կարծում եմ վերադարձ քիմիական արդյունաբերությանը՝ չենք կարող, չենք ունենա, որովհետեւ կոմունիկացիոն ուղիները, նաեւ հայաստանյան պաշարները հնարավորություն չեն տալիս: Այնուամենայնիվ Վանաձորը կդառնա արդյունաբերական քաղաք»:

Մինչ Վանաձորը կդառնա արդյունաբերական քաղաք, այսօր քաղաքում շատ էին մշակութային միջոցառումները: Վանաձորցիների համար այսօրվանից պաշտոնապես կգործի խորհրդային տարիներին վանաձորցիների սիրելի վայրերից մեկը համարվող «Վզվզնյակ» պուրակը: Տիգրան Մեծ 12-14 հասցեում գտնվող պուրակը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ, իսկ այսօրվանից այն կրկին կհյուրընկալի վանաձորցիներին:

Միջոցառմանը ներկա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ եկող տարվանից բյուջեից մարզերին հատկացվող գումարների չափերը կավելանան. «Բացի այդ մեր ապակենտրոնացման քաղաքականության մեջ է մտնում նաեւ դրամաշնորհային քաղաքականության սկզբունքը, որը նշանակում է, որ եթե օրինակ այս կետը նշված չէ բյուջեում, դա չի նշանակում, որ մարզերը չեն կարող մեզ առանձին ծրագրերով դիմել: Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մշակութային նախագծերը, որոնք կլինեն հետաքրքիր, լավ պլանավորված եւ չափելի արդյունքներով, մենք խրախուսում ենք, որպեսզի, անպայման, մեզ դիմեն եւ մենք ընթացք կտանք այդ ծրագրերին»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում առանձնացրեց տարվա ձեռքբերումները: Դրանք հիմնականում վերաբերվում են քաղաքի բարեկարգմանը, կանաչապատմանն ու ասֆալտապատմանը. «Իսկ ամենակարեւորն այն է, որ Վանաձորը, վերջապես, իր վրայից թոթափեց աշխատավարձի պարտքերը: Շուտով Վանաձորն առաջին անգամ կունենա նոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա, որով կկարողանանք քաղաքում ծագած խնդիրները լուծեք: Առաջ ենք շարժվում»:

Քաղաքապետը խոսեց նաեւ խնդիրների մասին: Նրա խոսքով՝ դրանց մի մասը տասնամյակների պատմություն ունեն, նշելով, որ առաջիկայում լուծում կտան նաեւ այդ խնդիրներին. «Առաջնահերթ աշխատատեղերի խնդիրն է: ՀՀ-ում ցանկացած բնակավայր ունի այդ խնդիրը, դա ես համարում եմ համապետական խնդիր: Բայց Վանաձորն ունի նաեւ տնակային ավանների խնդիր: Դրանք առաջացել են վերջին 15-20 տարում, ոչ թե երկրաշարժի հետեւանքով: Մենք պետք է վերջնականապես կարողանանք թոթափել այդ խնդիրը եւ այնպես անենք, որպեսզի Վանաձորում այլեւս տնակային ավաններ չունենանք»:

Տոնական միջոցառումներ կազմակերպվեցին քաղաքի այլ հատվածներում եւս: Օրը եզրափակվեց համերգով: Որից հետո եղավ նաեւ հրավառություն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031