Ազգերի Լիգայի 3-րդ տուրում Ջիբրալթարի հետ կայանալիք հանդիպման նախօրեին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ֆեդերացիան իր հետ պայմանագիր ստորագրել է մինչեւ 2020 թվականը: «Հրավերն ստացա հոկտեմբերի 7-ին, իսկ պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի մայիս ամիս:
Այդ ընթացքում իրենից պահանջվում է առաջին հերթին արժանապատիվ խաղ: Ինձնից առաջ, երբ բանակցում էին արտասահմանցի մասնագետների հետ, նույն պահանջը նրանց էլ էր ներկայացվում: Արժանապատիվ խաղի էությունը բառերով դժվար է բացատրել, երբ տեսնում ես, որ ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստն ամեն բան արեց, բայց ինչ-որ բան չստացվեց»:
Հարցին, թե, ըստ էության, համեմատաբար թույլ մրցակցի հետ ենք խաղալու, վաղվա հանդիպման կազմի, մարտավարության հետ կապված որոշ փակագծեր կբացի՞, մասնագետը պատասխանեց. «Տակտիկական սխեմաների մասին չեմ խոսի: Վստահում եմ տղաներին: Մարզումների ժամանակ նրանք ներդնում են ամեն ինչ: Վստահ եմ, որ նրանք վաղը ամեն բան անելու են, որ մենք հասնենք լավագույն արդյունքի»:
Արմեն Գյուլբուդաղյանցը ասաց նաեւ, որ հետագայի համար աչքի առաջ ունի երիտասարդական հավաքականի մի քանի ֆուտբոլիստների, սակայն այս անգամ ժամանակը շատ քիչ էր նրանց հետ համապատասխան աշխատանքներ տանելու համար: Նշեց նաեւ, որ հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ կամ վնասվածք ունեն եւ, հավանաբար, չեն կարողանա օգտակար լինել թիմին, իսկ մյուսներն արդեն մոտենում են լավ մարզավիճակի ու կընդգրկվեն հայտացուցակում:
Հավաքականի տղաների հետ մանրազնին ուսումնասիրվել են Ջիբրալթարի վերջին երկու հանդիպումները եւ կազմվել է համապատասխան մարտավարություն: Խոսելով հավաքականի կորուստների մասին՝ Արմեն Գյուլբուդաղյանցը դրան հակադարձեց Յուրա Մովսիսյանի վերադարձը՝ ասելով, որ նա հզոր ֆուտբոլիստ է, եկել է մարտական տրամադրվածությամբ եւ վստահություն հայտնեց, որ Յուրան վաղը խաղադաշտում կանի իր գործը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ