Հոկտեմբերի 12-ին, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմով անցկացվող մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը:
Հոկտեմբերի 8-ին մեկնարկած զորավարժության թեման էր՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում և վարում»:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է: Պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով:
Լայնածավալ կրակային վարժանքին ներգրավված էին անօդաչու թռչող սարքեր, հետախուզության հատուկ նշանակության խմբեր, կրակային տարբեր միջոցներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա:
Զորավարժության նպատակն էր կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ