Այս տարվա հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կամ գնաճը կազմել է 0.8%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.3%: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերի 10-ին հրապարակած զեկույցից:
2018 թվականի սեպտեմբերին 2017-ի սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 3.5%:
Ըստ այդմ, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 3.7%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 1.2%: Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 3.6%« իսկ սեպտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1%:
Ըստ վիճակագրական կոմիտեի, հունվար-սեպտեմբերին սննդամթերքի գնաճը կազմել է 3.8%, սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 1.2%:
Նույն աղբյուրի փոխանցման՝ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 0.3%, սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.6%, բրինձը հունվար-սեպտեմբերին՝ 0.3%, հացը՝ 1.8%, միսը՝ 6.3%, տավարի եւ հորթի միսը՝ 10.3%, խոզի թարմ եւ սառեցված միսը՝ 1.5%, գառան, ոչխարի եւ այծի միսը՝ 10.1%, թռչնամիսը՝ 0.7%:
Այս տարվա հունվար-սեպտեմբերին ձկան եւ ծովամթերքի գնաճը կազմել է 8.6%, կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբի գնաճը՝ 4.3%, պանիրն ու կաթնաշոռը՝ 0.3%, կարագը՝ 0.2%:
Դիտարկվող ժամանակահատվածում, ինչպես նշված է վիճակագրական կոմիտեի զեկույցում, միրգը թանկացել է 1.1%-ով, բանջարեղենը՝ 31.5%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2018 թվականի սեպտեմբերին 2017-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 19.2% գնաճ, իսկ 2018-ի սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 2.2% գնաճ:
Զեկույցում կարտոֆիլի գնաճն առանձին է ներկայացված, այն կազմում է 7.9%, շաքարը՝ 16.2%:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ