Կաջակցեն արդարադատության ոլորտի բարեփոխումներին, բռնությունից տուժած կանանց, լրատվամիջոցների կարողությունները կհզորացնեն ու կզարգացնեն: Այսօր այս մասին Երեւանում հայտարարեցին Եվրամիության եւ Եվրախորհրդի պաշտոնյաները՝ ներկայացնելով աջակցության ծրագրերը:
Արեւելյան գործընկերության անդամ երկրներում ծրագրերի ընթացքը ներկայացնելիս, Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորն ասաց, որ իրենք համագործակցել են մեր երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում եւ փորձել վեր հանել այն խոչընդոտները, որոնք հանգեցրել են նրան, որ ուսանողները փորձում էին ոչ թե սովորել, այլ՝ վճարել:
«Երբ այդ խոչընդոտները վեր էինք հանում, փորձում էինք համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալ, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք դրանք հաղթահարել: Ես չեմ ասում, որ հարյուր տոկոսով վերացրել ենք կոռուպցիան այդ ոլորտում, բայց, համենայն դեպս, կան հիմքեր, որ հույս են տալիս, որ վիճակը կբարելավի»,-ասաց տիկին Թեյլորը:
Հայաստանում եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Սոսայի խոսքով, Եվրախորհրդի միջոցով իրականացվող ծրագիրը միտված են Հայաստանում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը ամրապնդելու. «Մեր գործունեությունը երկու հիմնական ուղղություններով է շարունակվելու՝ արդարադատություն, որպեսզի կարողանանք հասնել ավելի լավ արդյունքների եւ հակակոռուպցիոն»:
Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն ասաց, որ ներկայումս էլ ընթանում են Քրեական օրենսգրքի նոր նախագծի եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքները, որից հետո բարեփոխված տարբերակը կրկին կդրվի հանրային քննարկման:
Փոփոխությունների նպատակն, ըստ փոխնախարարի, Եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է:
Ինչ վերաբերում է բանտային բժշկությանը, ապա Արտակ Ասատրյանի խոսքով, այս ոլորտում եւս Եվրոպայի խորհուրդը մեծ աջակցություն է տրամադրել:
Նա նշեց նաեւ եվրոպական այս երկու կառույցի աջակցությունը Ընտրական օրենսգրքի, առողջապահության ոլորտի խնդիրների, դիտորդներին վերապատրաստելու հարցում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ