Այսօր կայացավ Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասի եւ ֆուտբոլիստ Էնթոնի Բարթընի նախախաղային մամուլի ասուլիսը:
Ռիբասը, խոսելով օրերս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխության մասին, ասաց, որ դժվար է ասել, թե դա վաղն իրենց համար առավելություն կլինի, թե ոչ, սակայն մի բան գիտի՝ Հայաստանի հավաքականը բավականին ուժեղ կոլեկտիվ է, որի ֆուտբոլիստները հանդես են գալիս ուժեղ ակումբներում: Իսկ ինչ վերաբերում է նոր մարզչի նշանակմանը, դա մարզիչների ճակատագիրն է, եւ փոփոխություններ միշտ էլ լինում են:
Ջիբրալթարի ֆուտբոլիստը նույնպես նշեց, որ Հայաստանն ուժեղ թիմ ունի եւ դա ապացուցեց Լիխտենշտեյնի հետ խաղում: Սակայն խոստացավ, որ խաղալու են կենտրոնացած եւ անկախ ամեն բանից, իրենց մեջ համառ դիմադրություն ցույց տալու ուժ են գտնելու:
Անդրադառնալով վաղվա հանդիպման մարտավարությանը՝ մարզիչն ասաց. «Երբ գնդակը մեր մոտ չլինի, պաշտպանվելու ենք, իսկ երբ գնդակը մեր մոտ լինի, փորձելու ենք գրոհել»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի Ազգերի Լիգայի մասին ընդհանրապես՝ նկատի առնելով, որ խոշոր ակումբներից շատերի մարզիչները այն անիմաստ մրցաշար են համարում, Սեզար Ռիբասը պատասխանեց. «Ես սա շատ կարեւոր մրցաշար եմ համարում, որքան էլ առանձին խոշոր ակումբներ դժգոհեն, թե առանց այդ էլ բավականին խիտ գրաֆիկով աշխատող ֆուտբոլիստները հոգնում են: Այսպիսի մրցաշարերը փոքր երկրների հավաքականներին մրցակցելու, իրենց ֆուտբոլիստների հնարավորությունները ցուցադրելու հնարավորություն են ընձեռում»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Ջիբրալթարի հավաքականը վաղը մարտական կազմո՞վ է մտնելու խաղադաշտ, թե՞ թիմում կորուստներ կան: «Հիմնական կազմից երկու հոգի բացակայում է: Ֆուտբոլիստներից մեկը չի ժամանել, որովհետեւ երկու դեղին քարտ ունի, մյուսը մկանային վնասվածք է ստացել եւ վերադարձել է Ջիբրալթար: Նա կնախապատրաստվի Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը», – պատասխանեց գլխավոր մարզիչը եւ ինքը լրագրողից հետաքրքրվեց, թե Հայաստանի հավաքականից ո՞ր խաղացողներն են որակազրկված, ինչին ի պատասխան նրան հորդորեցինք այդ հարցն ուղղել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ