Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եղեք, որ դուք միշտ կարող եք հույս ունենալ մեր համագործակցության վրա». Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի փակման արարողությանը

Հոկտեմբեր 12,2018 16:49

Այսօր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ Ֆրանկոֆոնիայի մինչ այս պահը գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ասաց. «Անվտանգության մարտահրավերները, որոնք շատ հաճախ են առաջանում եւ որոնք կարող են խոչընդոտել զարգացմանը, մենք պետք է կարողանանք հաղթահարել: Մենք կարողացանք առաջ տանել ՖՄԿ-ն մեկ այլ մակարդակի, իր շարունակականության մեջ կարողացանք դիտել այն ամենը, ինչ նախորդներն էին արել: Մենք հիմա բազմակողմանիության կարեւորությունն ենք տեսնում, ինչպես կարող ենք որակյալ գործընկերներ ընտրել: Ես վստահ եմ, որ մեր ներքին քննարկումներից հետո, որ մենք ունեցանք քիչ առաջ, պարզ դարձավ, որ Ֆրանկոֆոնիան այդ բոլոր բաղադրիչների կարիքն ունի, որ կարողանա ամուր մնալ»: Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ամփոփելով իր խոսքը՝ «կեցցե ֆրանկոֆոնիան, կեցցե ֆրանսախոսությունը»:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Ռոանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

Նա ասաց, որ մեծ պատիվ է այն վստահությունը, որը ցուցաբերվել է իր նկատմամբ. «Ես մեծ հաճույքով եմ այս պաշտոնը ստանձնում: Դուք ինձ աջակցել եք, ուղղորդել եք, ձեր հույսերը ինձ վրա եք դրել: Ես ժամանել եմ Երեւան՝ լինելով գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, ես Աֆրիկայից եմ եկել եւ գնալու եմ Երեւանից՝ արդեն Ֆրանկոֆոնիան ինձ հետ տանելով: Շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ ինձ տալիս եք՝ ղեկավարելու Ֆրանկոֆոնիան առաջիկա 4 տարիների ընթացքում: Սա մի ներուժ է՝ ավելի շատ ծառայելու երկրին, ունենալ հեղինակություն, որը արդյունավետության հեղինակություն է: Սա մի մարտահրավեր է, որը ես կփորձեմ հաղթահարել: Սա մի բան է, որ ես մենակ չեմ անելու, անելու եմ համախմբված՝ իմ ոճով, իմ ձեւով: Իմ թեկնածության հայտարարումից հետո ինձ համար շատ կարեւոր թվաց, որ ես փորձեմ ձեր հետ՝ կազմակերպության անդամների հետ հանդիպել: Ես շուրջերկրյա ճամփորդություն արեցի 2,5 ամսում, փորձեցի հավաքագրել ձեր գաղափարները, ձեր ակնկալիքները: Սա մի կարեւոր կետ էր, որ կարողանայինք ձեր ընդհանուր նախագիծը կառուցել: Մենք պետք է կարողանանք ծառայել անդամ երկրներին: Ես կարողացա քաջություն ձեռք բերել եւ պետք է իրականացնեմ այս մանդատը՝ ձեր հետ միասին»:

Նա ասաց, որ Աֆրիկան ունի կարեւոր դերակատարում՝ ներկայիս բարեփոխումների արդյունքում որոնք տեղի են ունենում ամբողջ մայրցամաքում. «Իմ թեկնածությունը վկայություն է, որ մենք բոլորս միասին ավելի ուժեղ կարող ենք լինել: Աֆրիկացիները շատ մարդկային են շատ շփվող են: Նրանք գիտեն, թե ինչպես գնալ դեպի երկխոսություն եւ ինչպես ընդունել կոնսենսուսներ՝ նույնիսկ եթե դրանք շատ դժվար են: Սա է դիվանագիտական աշխարհի բնույթը, երբ որ դաշնություններ ու բարեկամություն է ձեւավորվում՝ ըստ մարտահրավերների, որոնք կան: Այս կոնսենսուսը, որը ձեւավորվեց՝ վկայությունն էր այն հավակնության, որը մենք ունենք մեր կազմակերպության նկատմամբ: Տարբեր հանդիպումների ժամանակ ես ձեզ բոլորիդ փորձեցի լսել, ըմբռնել, շատերը իրենց ցանկությունը հայտնեցին ավելի ներկայացված լինելու, մյուսները խոսեցին մի Ֆրանկոֆոնիայի մասին, որը կարող է ավելի շատ դուրս գալ աֆրիկյան մայրցամաքից, որտեղ անդամ երկրները ավելի շատ կլինեն: Շատերը ուրախ էին, որ ես կկարողանամ գնալ ավելի հեռու՝ դեպի իրենց, մյուսները իրենց մտահոգությունների մասին խոսեցին, որ ֆրանսերեն լեզուն ավելի նվազ է կիրառվում իրենց հասարակություններում»:

Լուիզ Մուշիկիվաբոն ասաց, որ ինքը կարեւորություն է տալու ֆրանսերեն լեզվին՝ այս բազմալեզու աշխարհում, քանի որ վստահ է, որ ֆրանսերենը ծառայելու է համընդհանուր արժեքներին եւ իր տեղը պետք է ունենա մյուս լեզուների կողքին:

«Ես մի անձ եմ, որը շատ պրագմատիկ է»,- ասաց նա՝ հավելելով,- «Այս 9 տարին, որ ես անցկացրեցի Ռուանդայում դիվանագիտական ոլորտում, փորձեցի կոնկրետ լուծումներ գտել կոնկրետ հարցին: Մի երկիր, որը շատ տուժել է պատերազմների, ցեղասպանության պատճառով, որը կարողացել է նաեւ վերականգնվել, ես ուզում եմ ֆրանկոֆոնիային իր դերակատարությունը տալ, որը կարող է ունենալ հաշտարարի, բանակցություններ վարողի դերը: Ֆրանկոֆոնիան պետք է հաշվի առնի բոլոր իրավիճակները: Իմ փորձն է կառուցել մեծ, լայն ցանց ամբողջ մայրցամաքի վրա եւ մեծ կապեր կառուցել: Ես այս բոլոր հարաբերությունները կփորձեմ ի շահ ծառայեցնել մեր կազմակերպության»:

Նա ասաց, որ գտնում է, որ ոչ մի բանի չպետք է թեթեւ նայել, ամեն ինչ ունի իր կարեւորությունը. «Ես ուզում եմ ցույց տալ թե ինչ հանձնառություն եմ ունենալու ձեզ հետ՝ ձեր ձեռքը բռնած աշխատելու»: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր իրեն աջակցել են ու վստահեցրեց. «Ես կաշխատեմ ձեր բոլորի համար, կգամ դեպի ձեզ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Լուիզ Մուշիկիվաբոյին ասաց. «Վստահ եղեք, որ դուք միշտ կարող եք հույս ունենալ մեր համագործակցության վրա՝ որպեսզի առաջ տանեք այն նախագծերը, որ մշակել եք Ֆրանկոֆոնիայի համար եւ իր փայլատակման համար ամբողջ աշխարհում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031