«Մարալիկում մեր նկատմամբ հարձակումը կազմակերպված էր, և մենք ոստիկանությունից պահանջել ենք բացահայտել ոչ թե այդ «բանկաբութուլկեքի և լնգուլավազների» ով լինելը, այլ թե ովքեր են մեզ «քսի տվել», և ովքեր են կազմակերպիչները: Մեզ հետաքրքիր է, թե նրանց կապը ինչքանով է Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ: Մենք վստահ ենք, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է իրական հենարանը, ոչ թե հեղափոխական դըմփդըմփարաններն են, այս խուլիգանախմբերը պատժիչ ջոկատներ են կազմում այլակարծության դեմ…լակոտներ են էլի, լնգուլավազներ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակ Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, որ Մարալիկում հոկտեմբերի 11-ին «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի եւ Մարալիկի մի խումբ երիտասարդների միջեւ միջադեպ է եղել:
Ըստ Նարեկ Մալյանի՝ 10 օր առաջ տեղեկություն էին ստացել Մարալիկի համայնքապետարանի աշխատանքի վերաբերյալ, որ չի գործում, քանի որ մի խումբ մարդիկ՝ 15-20 հոգի գրավել են համայնքապետարանի շենքը, աշխատանքը պարալիզացրել: Նրա խոսքով, վարչապետն էլ առաջարկել է համայնքի աշխատանքը կազմակերպել տարբեր գյուղապետարաններում :
Նարեկ Մալյանը շնորհակալություն հայտնեց միջադեպի մասնակիցներին՝ նրանց անվանելով խուլիգանների խումբ, «Շնորհակալ ենք բոլոր խուլիգաններին, որոնք ցույց տվեցին Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, սա մենք անվանում ենք փաշիզմ, չինական ֆաշիզմ էլի»:
Անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօր Մարալիկ մեկնելու լուրին՝ Նարեկ Մալյանը հեգնեց, թե այսօր նա էլի խրոխտ դեմքով ուղիղ եթե կմտնի ու կասի՝ սիրում եմ ձեզ. «Շնորհավորում եմ Դավիթ Սանասարյանին: Նա գնացել է, որ սատարի երեկվա խուլիգանախմբին: Սա հաստատում է, որ նրանք ուղղորդվել են իշխանության կողմից»:
Նա նաեւ իրավապաշտպաններին անվանեց իշխանության ծաղրածուներ՝ ասելով, որ նրանք ոչ միայն չեն դատապարտել կատարվածը, այլեւ՝ ողջունել են:
Հարցին, թե «ԱդեկվաԴ»ն ունի՞ քաղաքական հովանավորչություն, Մալյանը պատասխանեց՝ Քոչարյանն է հովանավորում, մեր շտատիվի փողը Քոչարյանն էր տվել, հետո հավելեց՝ կենտ օրերին Քոչարյանն է հովանավորում, զույգ օրերին՝ Սերժը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ