Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ռուսական պատվիրակության վարքագծին, որ այն չի կատարում իր պարտավորությունները և վճարում չի կատարում ԵԽ բյուջե:
Գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն հարց բարձրացրեց՝ ի՞նչ անել այն անդամ երկրների հետ, որոնք հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները, օրինակ՝ ի՞նչ պետք է լինի Ռուսաստանի հետ մյուս տարվա կեսերին, եթե նա կրկին հրաժարվի վճարումներ կատարել ԵԽ-ի բյուջե:
Այս առիթով Թորբյորն Յագլանդն ասաց. «Ես համամիտ չեմ Ռուսաստանի դիրքորոշման հետ, բայց ես դա ընդունում եմ որպես փաստ: Հունվարին Ռուսաստանը չի վերադառնա: Այդպես էլ լսել եմ Ռուսաստանից: Ես համաձայն չեմ Ռուսաստանի հետ: Կարծում եմ `դա կանոնադրության մեջ չէ, բայց պետք է ներառվի, որ անդամ պետությունը ոչ միայն իրավունք ունի ներկայացնել իր հավատարմագրերը Խորհրդարանական Վեհաժողովում, այլեւ պետք է պարտավորություն ստանձնի: Անդամ պետությունը չի կարող ընտրել, թե որ մարմինների աշխատանքին մասնակցի, որին՝ ոչ: Ռուսաստանը պետք է կատարի վճարումները ամբողջ տարվա համար, հակառակ դեպքում նա հունվարին չի վերադառնա ԵԽԽՎ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ